Գործ ունենք ահաբեկչական պետության հետ. Դավիթ Բաբայանը՝ Ադրբեջանի գործողությունների մասին

Armenpress 11:43, 8 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Ստեփանակերտն ահաբեկչական է որակում Ադրբեջանի գործողությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն անդրադարձավ հակառակորդի կրակոցից հայ զինվորի մահվանը:

«Հանձին Ադրբեջանի` գործ ունենք ահաբեկչական պետության հետ: Մենք գործ ունենք ստոր հակառակորդի հետ: Ամանորյա օրերին զինադադարի ռեժիմի խախտումը, որը որևէ ձևով չի ազդում ռազմաքաղաքական հավասարակշռության վրա, իրավիճակը չի փոխում հօգուտ Ադրբեջանի: Սա պարզապես ստորություն է, ահաբեկչություն, անմարդկային վերաբերմունք: Ահա այսպիսի աննորմալ հակառակորդի հետ գործ ունենք»,-ասաց նա:

Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ պաշտոնական Ստեփանակերտը, որպես կայունության, խաղաղության  միջոց, դեռ 10 տարի առաջ առաջարկել էր հատկապես միջազգային, ազգային, կրոնական տոն օրերին զինադադարի ռեժիմը չխախտել:

«Տոն օրերին նման քայլի գնալը ստորություն է, որևէ բանականության մեջ չի տեղավորվում: Մեզ համար սա անդառնալի կորուստ է, զոհված զինվորի հիշատակը միշտ վառ կմնա բոլորի սրտերում»,-հավելեց Դավիթ Բաբայանը:

Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am