1000х90.jpg (78 KB)

Ucom և Discovery Science ընկերությունները տարին ամփոփել են «Առաջ՝ դեպի տիեզերք» կարգախոսով

Armenpress 15:39, 27 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom և Discovery Science ընկերություններն ամփոփեցին 2017թ. մրցույթի արդյունքները: Իրականացավ ապագայի հաղորդակցման միջոցների մասին լավագույն գաղափարի հեղինակներ Սամսոն և Հրանտ Հայրապետյանների երազանքը: Նրանք մեկնեցին Նիդերլանդներ և այցելեցին Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:

Ռուսաստանաբնակ Հայրապետյան եղբայրների մտքով անգամ չէր կարող անցնել, որ  ամառային արձակուրդը Հայաստանում անցկացնելիս կմասնակցեն աշխարհահռչակ Discovery Science հեռուստաալիքի և Ucom ընկերության կողմից հայտարարված մրցույթին, կհաղթեն այն և այդպիսով ճանապարհ կհարթեն դեպի Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ:  Մրցույթի ժյուրիի անդամներին տպավորել էր խուլ ու համրերի համար նախատեսված սարքի նախագիծը: Սարքը ձեռքին են կրում այնպես, որ այն կարողանա ձեռքի շարժումները վերարտադրել ձայնային տարբերակով, իսկ ձայնը հոլոգրաֆիկ տեսախցիկի օգնությամբ փոխակերպել տեսատարբերակի:

«Հրաշալի է հյուրընկալել այստեղ Ucom-ի ներկայացուցչին` մրցանակակիրներ Սամսոնի և Հրանտի հետ միասին: Սա փայլուն հնարավորություն է` ոգեշնչելու նրանց պես երիտասարդ գիտնականների նոր սերնդին՝ ցուցադրելով, թե ինչով են զբաղվում Եվրոպական տիեզերական գործակալությունում աշխատող նրանց ավագ գործընկերները», - նշեց Եվրոպական տիեզերական գործակալության աշխատակից դոկտոր Ռոբերտ Վիլեմսենը:

Իրենց այցի ընթացքում տղաները սեփական աչքերով տեսան մոլորակի լավագույն գիտնականների առօրյան, տարատեսակ ժամանակակից սարքավորումները, ինչպես նաև պատմական՝ տիեզերք մեկնած ու Երկիր մոլորակ վերադարձած օդանավերը: Հատուկ կշեռքի վրա կանգնելով՝ եղբայրները ծանոթացան Լուսնի, Մարսի և այլ տիեզերական մարմինների վրա ձգողականության ուժին և պատկերացրեցին իրենց քաշը տարբեր մոլորակներում գտնվելու պարագայում: Երեխաներին թույլ տվեցին այցելել Եվրոպական տիեզերական գործակալության այնպիսի հատվածներ, որտեղ զբոսաշրջիկների մուտքն արգելված է և որտեղ գտնվելու իրավունք ունեն միայն տիեզերքն ուսումնասիրող գիտնականները: 

Տղաները տեղյակ էին նաև, որ երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցն Արմաթ ինժեներական լաբորատորիայի սան է: Ամստերդամում այցի ժամանակ հստակ գիտակցեցին, որ ինժեներական կրթությունն ու ծրագրավորման հմտությունները նրանց առավել, քան անհրաժեշտ են: 

«Ես և Սամսոնը երազում ենք սովորել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում, որի սաներին ջերմ բարևներ ենք հղում Ամստերդամից: Շնորհակալություն Ucom-ին մեր երազանքն իրականացնելու համար», - նշեց Հրանտ Հայրապետյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am