1000х90.jpg (78 KB)

Ամենամեծ արժեքը՝  մարդն է. զրույց դերասան, ռեժիսոր Լուիզա Կոնստա Սարգսյանի հետ

Armenpress 10:35, 27 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս Հայաստանում էր Շվեդիայում բնակվող մեր հայրենակիցը՝ դերասան, ռեժիսոր Լուիզա Կոնստա Սարգսյանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է շնորհալի արվեստագետի հետ զրույցն ամբողջությամբ:

-Լուիզա, Ձեր մասին՝ որպես հետաքրքիր, կրեատիվ մտածողության մարդու և արվեստագետի լսել եմ իմ արվեստագետ ընկերներից,   տեղեկացել հայաստանյան, արտերկրի մամուլից, համացանցից: Դուք անցել եք մասնագիտական հետաքրքիր ճանապարհ, որը սկիզբ է առել դեռևս «Հայֆիլմից»... Կպատմե՞ք:

- Այո, ավարտելով «Հայֆիլմ» կինոստուդիայի «Կինոյի և թատրոնի դերասան» բաժինն ընդունվել եմ Մանկավարժական ինստիտուտի «Կուլտուրայի» ֆակուլտետի ռեժիսուրայի բաժին՝  Հենրիկ Մալյանի ղեկավարությամբ: Ավարտելուց հետո, ամուսնացել եմ և տեղափոխվել  Գյումրի: Երկրաշարժից հետո էր...   Հենրիկ Իգիթյանի գեղագիտական կենտրոնի Գյումրիի մասնաճյուղում թատերական խմբի ղեկավար էի, միաժամանակ,  ընդունվեցի նորաբաց «Շիրակ» հեռուստաընկերություն՝ որպես ռեժիսոր: Հետո հանգամանքների բերումով վերադարձա Երևան... այստեղ  աշխատում էի «Կենտրոն» հեռուստաընկերությունում մանկական հաղորդման ռեժիսոր, այնուհետև՝ որպես դերասան աշխատանքի անցա  «Փոսի» թատրոնում:  Ցավոք թատրոնը փակվեց... և ես որոշում կայացրեցի մեկնել... 2008 թվականին մեկնեցի Շվեդիա: Սկզբնական շրջանում որպես դերասան հանդես էի գալիս տեղի   թատրոնում, սակայն գնահատելով հնարավորություններս՝ հասկացա, որ կարող եմ նաև ներկայանալ որպես ռեժիսոր և նույն թատրոնում ստեղծեցի «Կամին» («Օջախ») թատերական խումբը: Իմ ստեղծած խմբի հետ, որպես ռեժիսոր բեմադրեցի  ներկայացումներ  մանուկների և մեծահասակների համար: Հաջողված և կարևոր բեմադրություններից են Հ.  Թումանյանի հեքիաթները, որոնք և դարձան իմ այցեքարտը:

-Դժվար չէ՞ր  Թումանյանի հեքիաթները ներկայացնել շվեդերենով, թարգմանության մեջ պահելով համն ու հոտը: Ո՞ր հեքիաթներն եք ներկայացրել և ինչու:

-Բեմադրեցի  Թումանյանի «Սուտասանը» և «Անխելք մարդը»: Թարգմանությունը՝ հայերենից շվեդերեն կատարել եմ ես՝ փորձելով պահպանել թումանյանական լեզվի, ինչպես ասում են «աղն ու պղպեղը»: Ընտրությունս կանգ առավ այս ստեղծագործությունների վրա, որովհետև  թեմաները համամարդկային են,  շղարշված նուրբ հումորով, ինչը հասկանալի է բոլորին՝ անկախ ազգությունից: Դերասանները լինելով ազգությամբ շվեդ՝  մեծ զգացումով, սիրով ու նվիրումով էին խաղում: Ներկայացման մեջ ես անգամ պահել էի մի քանի հայերեն  արտահայտություններ՝ պահպանելու համար հայկական շունչն ու միջավայրը: Սակայն հայերենով հնչող այդ արտահայտությունները մնացին ոչ միայն բեմում, այլև դուրս եկան ներկայացման և բեմի սահմաններից:  Օրինակ,  ներկայացման մեջ, երբ գայլը հանդիպում էր անխելք մարդուն ասում էր. «Բարև ախպեր ջան, ո՞ւր ես գնում», շվեդ դերասաններն այս և մյուս արտահայտությունները կիրառում  էին նաև կյանքում՝ միմյանց այդկերպ դիմում կամ ողջունում: Նշեմ, որ ներկայացումը կայացավ  հայտնի «Բիանկա» թատրոնում, որտեղ առաջնախաղին ներկա էին Շվեդիայում ՀՀ դեսպան Ապիտոնյանը, հայկական համայնքի անդամները, Եվրամիության գրասենյակի  ներկայացուցիչները,  շվեդ թատերասերներ և այլն:

-Այսկերպ ոչ միայն հայ հեղինակին եք ներկայացնում աշխարհին, այլև հայերենն ու հայկականությունը: Որքան հայտնի է ինձ, հայոց լեզվի հանրահռչակման և պահպանման գործում Ձեր առաքելությունն այսքանով չի սահմանափակվում: 

-Պիտի ասեմ, որ Շվեդիա տեղափոխվելուց անմիջապես հետո աշխատանքի անցա եկեղեցուն կից հայկական կիրակնօրյա դպրոցում: Այնտեղ էլ ներկայացումների միջոցով փորձում էի  հայոց լեզվի հանդեպ սեր արթնացնել, սովորեցնելով նաև  հայ կոմպոզիտորների երգերը, Կոմիտասի, Եկմալյանի ստեղծագործությունները: Ներկայացման միջոցով  երեխաները ոչ միայն լեզուն էին սովորում, այլ նաև ծանոթանում՝  հայ գրականությանը, երաժշտությանը, պարերին և պատմությանը:  Արդյունքում, հայկական դպրոցում բեմադրեցի 4 ներկայացում: Երեխաների հետ անցկացրած  ժամանակահատվածը շատ լավն էր, սակայն ժամանակի սղության պատճառով ստիպված էի թողնել այդ աշխատանքը: Կապերս երեխաների հետ պահպանվում են, նրանցով ես  շատ հետաքրքրված եմ:

 -Մասնագիտական  էլ ինչ կարևոր ձեռքբերումներ ունեցաք Շվեդիայում:

-Կարևոր ձեռքբերումներիցս եմ համարում  Ուփսալա  քաղաքի մայր թատրոնից հրավերը, որտեղ աշխատում էի պայմանագրով: Պատմություն ունեցող այս հին թատրոնում ես հրավիրված էի խաղալու երկու դեր՝  Բերտոլդ Բրեխտի «Բարի մարդը Սեզուանից» ներկայացման մեջ:

-Որքան ինձ հայտնի է Դուք առաջին հայկական ազգանունով դերասանն եք,  ում բախտ է վիճակվել խաղալ տեղի  մայր թատրոնում:

-Մասնագիտական առումով դա մեծ առաջխաղացում է, սակայն ընդհանրապես ձեռքբերում եմ համարում այն, որ շատ շվեդներ, Հայաստանից ամենևին տեղյակ չլինելով, ինձնով ճանաչեցին և բացահայտեցին Հայաստանը: Նրանցից շատերը մեր ծանոթությունից  հետո Վիքիպեդիայում  փնտրում էին տեղեկություններ Հայաստանի մասին, ծանոթանում՝ մեր մշակույթին, պատմությանը, գրականությանը: Վերջերս էլ շվեդ ընկերներս այցելեցին Հայաստան. միասին շրջեցինք մեր պատմամշակութային վայրերով, ծանոթացան Հայաստանի համ ու հոտին: Արդյունքում, նրանք հիացած և հետաքրքրված  են Հայաստանով, ինչն  ինձ համար անչափ կարևոր, հաճելի և ուրախալի է:

-Շվեդիայում հայկական համայնքն ինչպե՞ս է գործում:

 -Ըստ իս, համայնքը շատ լավ է իրականացնում  իրեն վերապահված  գործառույթները: Համեմատելով Գերմանիայի, Ֆրանսիայի, Ամերիկայի հետ՝ Շվեդիայում հայ համայնքը մեծ չէ, իսկ հայկական դեսպանատունն էլ բացվել է ընդամենը չորս տարի առաջ:  Մեր դեսպանը՝ Արտակ Ապիտոնյանը շատ համակրելի և գրագետ անձնավորություն է, ով փորձում է եզրեր գտնել համայնքի հին և նոր անդամների հետ՝  իմի բերել, գտնել կարող ուժեր, մարդկանց՝ ովքեր ունակ են նպաստելու հայ արվեստի, մշակույթի, գրականության տարածմանն ու հայապահպանությանը:

-Ի՞նչ ծրագրերով եք այս անգամ Հայաստանում:

-Մի ծրագրով, որը իմ մեջ երկար էր հասունանում. դա հայ-շվեդական մշակութային կամուրջների ստեղծումն է:  Երկրներ, որոնք շատ տարբեր են, բայց միևնույն ժամանակ ունեն կարևոր ընդհանրություններ՝  սկսած մարդկային պարզ հույզերից:  «Երբ միասին եք աշխատում, երբեք մի մտածեք, թե ինչն է ձեզ բաժանում, այլ մտածեք, թե ինչն է  ձեզ միավորում»,-սա շվեդական ասույթ է, բայց կարծում եմ, բոլոր տեսակի համագործակցությունների պարագայում էլ  շատ տեղին է ասված: Այս համատեքստում էլ կառուցել եմ մեր համագործակցությունը. ցանկանում եմ հայ և շվեդ դերասանական  խմբերի հետ բեմադրել համատեղ ներկայացում, որը կներկայացվի և՛ Հայաստանում և Շվեդիայում: Համատեղ գործակցության մեջ նախանշել եմ նաև գրքերի թարգմանությունը՝ հայերենից շվեդերեն և հակառակը. մասնավորապես՝ մանկապատանեկան  գրականության ոլորտում՝ դասական և ժամանակակից  գրողների ստեղծագործությունների թարգմանությունը մեծապես կնպաստի ոլորտի զարգացմանը:  Մյուս կարևոր նախագիծը՝  կրթամշակութային է. կցանկանայի Հայաստանում հիմնել կրթօջախ, որտեղ  սկանդինավյան երկրների կրթական մեթոդներով կդասավանդվի լեզուներ՝ այդ երկրների մշակույթը, գրականությունը և այլն: Սա համագործակցության, միմյանց ճանաչելու լավագույն միջոցներից է: Օրինակ՝ Շվեդիայում մշակույթն ու արվեստը մինիմալիստական է, փոխարենը՝ Հայաստանում մոտեցումները մաքսիմալիստական են, ինչը  ներդաշնակորեն կլրացնեն միմյանց:

-Համագործակցության հիմքեր դնելու համար, ի՞նչ քայլեր են արվում:

-Նախ և առաջ երկու երկրներից էլ գաղափարի շուրջ համակիրների թիմ է ձևավորվում:  Իհարկե, աշխատելու ենք նաև  դեսպանատների հետ, իսկ ֆինանսավորման աղբյուրները   կփնտրենք դրսում:

-Շվեդներն ունեն բավականին ուժեղ, ներկայանալի մանկապատանեկան գրականություն: Այս ոլորտի մանկական գրականության Նոբելյան մրցանակը՝ «Անդերսենի» մրցանակակիրներից է  Աստրիդ Լինդգրենը, Մարիա Գրիպեն՝ իրենց հրաշալի գրականությամբ: Ի՞նչ  մակարդակի վրա է գտնվում ընթերցանությունը:

-Ընթերցանությունը Շվեդիայում շատ բարձր մակարդակի վրա է դրված: Այս ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում դեռևս  մանկապարտեզից, դպրոցից. գրադարանից օգտվելու մշակույթը, ամեն օր ընթերցանությամբ զբաղվելու կարևորությունը, ընթերցածը վերարտադրելը, գրքի նկատմամբ հոգատարությունն ու հարգանքը՝  քաղաքացու դաստիարակության գործում արվող առանցքային քայլերից է: Ամենուրեք՝ հասարակական վայրերում, փողոցներում կտեսնեք կարդացող մարդկանց: Շվեդիայում մարդիկ ավելի շատ գրադարան են այցելում, քան՝ եկեղեցի:

-Սկանդինավյան երկրների խոհանոցից ի՞նչն եք նախընտրում:

-Նորվեգական բաղադրատոմսով պատրաստված սաղմոնը, առհասարակ, այնտեղ ձկնեղենը շատ համեղ է պատրաստվում:

-Լինելով հայաստանցի, այս անգամ, ի՞նչ եք տանում Ձեզ  հետ Հայաստանից:

Մտովի ինձ հետ կտանեմ այն մարդկանց, համախոհներին, ովքեր լսեցին և ողջունեցին իմ գաղափարները՝ հաղորդելով մեծ խթան և ոգևորություն:

-Կյանքում առավելապես ի՞նչն եք կարևորում:

-Մարդուն... և ամենևին կարևոր չէ թե նա ինչ ազգություն, կրոն, մաշկի գույն, սոցիալական դիրք ունի: Ամենամեծ արժեքը՝  Մարդն է:

Զրուցեց՝ ԱԼԼԱ ՍԵՐՈԲՅԱՆԸ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am