Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի գումարի մի մասը կտրամադրվի հայաստանյան աստղագիտության զարգացմանը

Armenpress 15:32, 20 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի համար տրվող գումարի մի մասը կտրամադրվի հայաստանյան աստղագիտության զարգացմանը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

«Մենք առաջարկել էինք փոփոխություններ կատարել Վիկտոր Համբարձումյանի անվան աստղագիտության միջազգային մրցանակի շնորհման կարգում: Տրվել է համաձայնություն, և շուտով կլինի ՀՀ կառավարության համապատասխան որոշումը: Փոփոխություններով 100 000 ԱՄՆ դոլար կտրամադրվի հայ աստղագիտության զարգացմանը»,-ասաց Միքայելյանը:

Այդ գումարից տրամադրվելու է ԵՊՀ ուսանողների կրթաթոշակների, պրոֆեսիոնալ աստղագետների միջազգային համագործակցության, գիտաժողովների  աջակցությունների համար:

«Գումարը շատ ավելի արդյունավետ կծախսվի: Ողջ գումարը կտրամադրվի գիտական ծրագրերին: Իսկ աստղադիտարանի բյուջեի զգալի մասը հատկացվում է անհրաժեշտ ծախսերին, և քիչ գումար է մնում կարևոր գիտական ծրագրեր իրականացնելու համար»,-նշեց աստղադիտարանի տնօրենը:

Մրցանակը հիմնվել է ՀՀ նախագահի հրամանագրով 2009 թվականին: Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար՝ անկախ գիտնականի քաղաքացիությունից։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am