ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Armenpress 17:47, 18 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 18–ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոս Գոթեմյոլլերին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրույցի ընթացքում Ռոս Գոթեմյոլլերը բարձր է գնահատել ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումների մասնակցությունը Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին, կարևորել է նոր կարողությունների զարգացման, փոխգործունակության բարելավման համատեղ ջանքերը, համագործակցությունը ռազմական կրթության և այլ ուղղություններով։  

Կողմերը կարծիքներ են փոխանակել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի, Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում պաշտպանական բարեփոխումների աջակցության, բարեվարքության ամրապնդման համաձայնեցված նպատակների գործնական իրականացումն ապահովելու շուրջ։

ՀՀ պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյային է ներկայացրել սահմանադրական փոփոխություններով պայմանավորված պաշտպանական օրենսդրության բարեփոխումները, զինվորական ծառայության բարելավման, պաշտպանական կրթության արդիականացման, զինված ուժերի քաղաքացիական և հասարակական վերահսկողության համակարգի կատարելագործման նոր նախաձեռնություններն ու համագործակցության հեռանկարները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am