Իրանի և Թուրքիայի հարաբերություններում ջերմացումն իրանագետը իրավիճակային դաշինք է համարում


ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում Իրանն ու Թուրքիան մրցակից են ու ակնկալել, որ նրանց միջև երկարաժամկետ դաշինք կլինի, սխալ է: Դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա նշեց, որ ներկայում որոշակի ջերմացում է նկատվում Իրան-Թուրքիա հարաբերություններում, որը, սակայն, ավելի շատ իրավիճակային դաշինք է: «Այս երկու պետությունների միջև որոշակի ջերմացում նկատվում է, խոսքը վերաբերում է մեկ կողմից քրդական հիմնախնդրում առկա մոտեցումների մերձեցմանը, մյուս կողմից` սիրիական հիմնախնդրում կողմերի միջև պայմանավորվածությունների հստակեցմանը, որը դիրքորոշումների մերձեցում չէ, երրորդը` Երուսաղեմի խնդիրն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց իրանագետը:

Նա նկատեց, որ բացի առաջին կետից, մյուսների մասով համաձայնությունը վիճելի է, քանի որ իրանցիներն այնքան էլ խանդավառված չեն հանգամանքով, որ Թուրքիայի նախագահը փորձում է մտնել մի տիրույթ, որն ավանդաբար եղել է իրանական գործողությունների դաշտ: Իրանագետի դիտարկմամբ` խոսքը վերաբերում է պաղեստինցիների հետ հարաբերություններին և իսլամական երկրների շարքում առաջնորդի դեր ստանձնելուն: «Փորձել Թուրքիային ներկայացնել որպես պաղեստինցիների թիվ մեկ բարեկամ, նրանց խնդիրն արծարծող և իսլամական երկրների շարքում առաջնորդի դեր ստանձնել, ակնհայտորեն բերելու է Իրանի ու Թուրքիայի շահերի բախման»,-նշեց Վարդան Ոսկանյանը:

Անդրադառնալով Սիրիայի հիմնախնդրին` իրանագետը նկատեց, որ այդտեղ ևս շահերի և տեսլականի ընդհանրություն գոյություն չունի: «Կողմերը պարզապես պայմանավորվել են տիրույթների վերաբերյալ, բայց, թե  որքան կտևեն այդ պայմանավորվածությունները, հարց է»,-հավելեց նա:

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am