«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Armenpress 10:52, 17 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր տեսլականը: «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ Նախագահը շեշտել է, որ շփման գծում պետք է հանդարտություն տիրի: Զոհերը պետք է բացառվեն: «Այս մարդաորսը, որը կա այսօր, պետք է բացառվի: Դա կստեղծի որոշակի մթնոլորտ ու փոխվստահություն: Որտեղի՞ց է գալիս փոխվստահությունը, փոխվստահությունը գալիս է այնտեղից, երբ սկսում ես կատարել նախօրերին ձեռք բերված պայմանավորվածությունները: Եթե պայմանավորվածությունները չես կատարում մեկ անգամ, անվստահության որդը սկսում է կրծել: Հաջորդ-հաջորդ-հաջորդ և այսպես գոյանում է անվստահության մթնոլորտ: Սա պետք է վերացնել, որ դրանից հետո հանդարտ մթնոլորտում բանակցությունները շարունակվեն»,-  ընդգծել է Նախագահ Սարգսյանը: Նա ամբողջովին կիսում է այն կարծիքը, որ դիվերսիաների հնարավորության մինիմալիզացումը կապված է այն սարքավորումների տեղադրման հետ, որոնք առկա են շփման գծում: «Եթե հիշում եք, տևական ժամանակ առաջ, ես նկատի ունեմ սարքավորումներ տեղադրելուց հետո, երկու-երեք փորձ եղավ, այդ փորձերը ձախողվեցին մեծ կորուստներով, և արդյունքը եղավ այն, որ հիմա, իրոք, դիվերսիաներ իրականացնելու հնարավորությունը նվազել է: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա հենց անվանման մեջ է մեր խնդիրը. Պաշտպանական բանակ, այսինքն՝ մեր արևելյան սահմանների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանությունն արդյունավետ իրականացնել: Չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, բայց հավատացած եղեք, որ մենք ունենք կոնկրետ ծրագրեր, որոնք կբացառեն այլ գործողություններ ևս: Երբ մենք ասում էինք՝ ծրագիր ունենք և դիվերսիաները կբացառվեն շատերը կասկած էին հայտնում: Հիմա ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ տեսանելի ապագայում կբացառվեն այլ գործողություններ ևս»,-  ասել է Նախագահը:

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Նախիջևանի ռազմականացումը ամբողջ տարածաշրջանի կայունության պահպանման սպառնալիք կարող է հանդիսանալ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի  գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ռուսաստանի պահվածքը այստեղ տարբերվելու է, որովհետև խոսքը վերաբերում է Հայաստանի անվտանգությանը, ում նկատմամբ Ռուսաստանը ունի շահեր և պատասխանատվություն: Նախիջևանի ռազմականացման խնդրով մտահոգ կարող է լինել նաև Իրանը»-, ասաց Մանոյանը:

Կանադայի խորհրդարանի պատգամավոր Թոնի Քլեմենթը հորդորել է երկրի կառավարությանը դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ բռնությունների գործադրումը: Մարդու իրավունքների համաշխարհային օրվան նվիրված իր ելույթում պատգամավորն ընդգծել է, որ թեպետ մարդու իրավունքների խախտումների շատ օրինակներ կան, որոնց մասին կարելի է բարձրաձայնել, սակայն նա ցանկանում է այս պահին շեշտել Արցախի Հանրապետությունում կամ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ոտնձգությունների հետևանքով մարդու իրավունքների ոտնահարումների մասին:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ժխտում է Հայոց ցեղասպանության ընթացքում երեխաների սպանության փաստը, չի կարող դասեր տալ Իսրայելին: Այս մասին կուսակցության առաջնորդը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: Գրառումը հաջորդել է Էրդողանի հայտարարությանը, որում նա Իսրայելն անվանել էր «ահաբեկչական պետություն»: «Թուրքիայի նախագահ Էրդողանն Իսրայելն անվանում է «ահաբեկչական պետություն, որը սպանում է երեխաներին»: Այն անձը, ով հերքում է Հայոց ցեղասպանության ընթացքում երեխաների սպանդը, մեզ դասեր տալու իրավունք չունի»,- գրել է Լապիդը: Նա ավելի վաղ՝ 2017 թվականի հուլիսին դիմել էր Իսրայելի ղեկավարությանը՝ հորդորելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանում էին հանուն խաղաղության և միջազգային անվտանգության հանդես եկող գիտնականների «Գիտության և համաշխարհային խնդիրների հարցերով Պագուոշյան գիտաժողովներ» միջազգային շարժման գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պաոլո Կոտտա-Ռամուսինոն և խորհրդի անդամ, ՌԴ ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի պատվավոր նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Նիկիտինը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Պագուոշյան շարժման գլխավոր քարտուղար Պաոլո Կոտտա-Ռամուսինոն կազմակերպության անունից ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի գլխավորած պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: 

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հպարտ է Կիպրոսի պետության քաղաքական, հասարակական և տնտեսական կյանքում հայ համայնքի կատարած ներդրմամբ: Նման հայտարարությամբ Անաստասիադեսը հանդես է եկել կղզու հայ համայնքին նվիրված միջոցառման ընթացքում: Կիպրոսի նախագահը հիշատակել է, որ պատմականորեն երկու ժողովուրդներն էլ դարձել են միևնույն ագրեսորի զոհը, սակայն չեն հանձնվել ու շարունակում են պայքարել, որպեսզի միջազգային մակարդակով հաղթի արդարության մեծ սկզբունքը: «Ահա թե ինչու Կիպրոսը եվրոպական երկրներից առաջիններից էր, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և մենք միասնաբար դատապարտել ենք այդ հանցագործությունն իրականացնողներին»,- նշել է նա:

Հայաստան և աշխարհ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարունին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշյան համաժողովների գլխավոր քարտուղար Պաոլո Կոտա-Ռամուսինոյին և շարժման խորհրդի անդամ Ալեքսանդր Նիկիտինին: 

Հայաստանը 2018 թվականի առաջին կեսին ԵՄ-ի հետ կսկսի վիզայի ազատականացման հարցի շուրջ երկխոսությունը: «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով վիզաների ազատականացման շուրջ բանակցելու մոտավոր ժամկետների մասին հարցին: «Ես կարծում եմ, որ հաջորդ տարվա առաջին կեսին կամ մինչև այդ, թեև անշնորհակալ գործ է որևէ ժամկետի վերաբերյալ հայտարարություն անելը, բայց կարծում եմ, որ այդ ժամանակահատվածում մենք կսկսենք երկխոսությունը: Այդտեղ ևս բազմաթիվ խնդիրներ կան, դա տևական պրոցես է: Եթե լավ աշխատենք, կարծում եմ, 2-3 տարվա ընթացքում կարող ենք հասնել վերջնանպատակին»,-  ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ տրվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը: Բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ՀՀ-ում ԻԻՀ Սեյեդ Քազեմ Սաջադին, մի խումբ գործարարներ: Սուրեն Կարայանը նշեց, որ տնտեսական գոտին նախատեսված է կառուցապատել երկու փուլով: «Առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու նախապայմաններ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և այնտեղ գործելու ցանկություն ունեցող ընկերությունների գործունեությունը կազմակերպելու համար»,-ասաց նախարար Կարայանը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Կիևում մասնակցեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 37-րդ նիստին, որին ներկա էին ՍԾՏՀԿ անդամ 12 պետությունների, 13 դիտորդ երկրների և գործընկեր կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ։ ՍԾՏՀԿ նախարարական կիևյան խորհրդին Հայաստանը ստանձնեց կազմակերպության նախագահությունը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն Աթենքում առանձնազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ։ Հանդիպումից հետո՝ նախարար Կոձիասի ուղեկցությամբ՝ Հունաստանի ԱԳՆ համաժողովների սրահում Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության, հրատապ միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին ծավալուն ելույթով։

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի գլխավորած պատվիրակություններն այցելել են Մայր Աթոռ Ս. Էջմիածին և հանդիպել  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ԲԱմենայն Հայոց Կաթողիկոսին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես նշել է. «Մեզ համար շատ ուրախալի է լսել Հայաստանի Հանրապետության  սփյուռքի նախարարության և Հունաստանի ուԿիպրոսի համապատասխան պետական կառույցների միջև հաստատված այս գեղեցիկ գործակցության մասին, որն ուղղված է երեք երկրների սփյուռքների  միջև աշխատանքներ իրականացնելուն»:

Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 428 միլիոն դոլար: Այն 2015 թվականի համեմատ աճել է 239 տոկոսով:

Հայաստանի Հանրապետությունը 2018թ գարունը կդիմավորի առանց Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների: Այս մասին Հունաստանի ԱԳ նախարարությունում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Խոսելով Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասին՝ նա հիշեցրել է, որ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ.-ի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, նախարարն ընդգծել է, որ մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին Արձանագրությունների տառին և ոգուն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ադրբեջանը երեք ամսվա ընթացքում Վլադիմիր Սարգսյանին և Ծովինար Սարգսյանին պետք է վճարի 5 հազար եվրո` գումարած ցանկացած պահանջ, որը կարող է վճարվել նյութական և բարոյական վնասների մասով, ինչպես նաև 30 հազար եվրո՝ գումարած դատական ծախսերի մասով պահանջվող գումարները: 

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով ՄԻԵԴ-ի կողմից «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի» գործերով սպասվող դատավճիռներին, նշել է, որ ՄԻԵԴ-ի կողմից սպասվող որոշումները երկու ուղղություն են պարունակելու. առաջինը՝ նյութական փոխհատուցման չափ, երկրորդը՝ իրավունքների վերականգնման մեխանիզմներ: Այդ վճռով սահմանվելու է ոչ միայն երկու կողմերի փախստականների իրավունքների վերականգնման մեխանիզմների ձևաչափը, այլև լինելու է փոխհատուցման եղանակ՝ կոնկրետ գումարային արտահայտությամբ: «Թեև վճիռը վերաբերվում է Կոնկրետ Սարգսյանին, բայց այն նախադեպային նշանակություն է ունենալու  բոլոր փախստականների վրա՝ անկախ նրանից՝ այդ փախստականները ներկայացրե՞լ են հայց ՄԻԵԴ, թե՞ ոչ: Հիշեցնեմ, որ հայ փախստականների կողմից մոտ 700 հայց է ներկայացված ընդդեմ Ադրբեջանի:  Բայց վճիռը պարունակում է մի դրույթ, ըստ որի վճռի կետերը տարածվում են դիմումատուի և դիմումատուի կարգավիճակում գտնվող ցանկացած անձի վրա: Դա նշանակում է, որ Բաքվից, Սումգայիթից, Շահումյանից, այդ թվում նաև Արծվաշենից մեր բոլոր  փախստականների հայցերը դառնալու են քննարկման առարկա»,- ասել է Կոստանյանը։ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ երկու գործերի էական տարբերությունն այն է, որ կողմերն անխուսափելիորեն որպես սուբյեկտի՝ գործ են ունենալու Արցախի Հանրապետության հետ։

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է հրամանագիր ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը: Նա ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև` համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքները: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության կառավարության և Էստոնիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին (կիրարկող արձանագրություն)» արձանագրությունը վավերացնելու մասին, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքները:

ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, ինչպես նաև ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրները:

Նախագահ Սերժ Սարգսյանը «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում հանդիպում է ունեցել ուսումնական այդ հաստատությունում դասավանդող ակադեմիական, փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ: ՀՀԿ քաղաքական դպրոց հիմնելու մասին Հանրապետական կուսակցության հայտարարությունից մոտ մեկուկես տարի հետո կայացած հանդիպման ժամանակ Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք են ներդնում, իրենց ժամանակը տրամադրում սեփական փորձն ու գիտելիքները դպրոցի սաներին փոխանցելու կարևոր գործին:

ՀՀ  Նախագահ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը: Ստորև բերվում է հարցազրույցի սղագրության առաջին և երկրորդ մասերը։  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է 2018թ. քաղաքական գործունեությունը շարունակելու վերաբերյալ հարցին: Նա ընդգծել է, որ իր որոշման մասին հայտարարելու ժանանակը դեռ չի եկել: Նա նշել է, որ իր որոշումը պայմանավորված է լինելու տարբեր գործոններով. «Կարծում եմ՝  մենք, վերջ ի վերջո, իրավունք ունենք որոշելու, նկատի ունեմ Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն գործընկերոջ հետ միասին, թե ով որտեղ ավելի արդյունավետ կարող է աշխատել»,- նշել է ՀՀ Նախագահը։

Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Ողջունելով ՀՀ պատվիրակությանը՝ Նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է, որ Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ այն համարելով Արցախի Հանրապետության զարգացման ու զորացման կարևորագույն հիմքերից մեկը: ԱՀ նախագահը նշել է, որ այս տարի տնտեսության մեջ բավական բարձր ցուցանիշներ են արձանագրվել՝ ընդգծելով նաև Հայաստանի կառավարության մասնակցությունն այդ ձեռքբերումներում: Նա տեղեկացրել է նաև մի շարք հավակնոտ ծրագրերի մասին, որոնք նախատեսվում է իրականացնել 2018 թ.:

ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել երկու հանրապետությունների կառավարությունների մի շարք անդամների համատեղ խորհրդակցություն: ԱՀ պետական նախարարը կարևորել է երկու կառավարությունների միջև համագործակցության նման ձևաչափի նշանակությունը՝ տարբեր ոլորտներում մոտեցումների համադրման և պետական ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում:

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց արտաքին պարտքը կայունացնելուն միտված հարկաբյուջետային քաղաքականության նոր կանոնների ներդրման օրենսդրական նախաձեռնությունը: Ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» վարկային համաձայնագիրը: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ընտանիքում բռնության դեմ պայքարի և դրա կանխարգելման մասին օրինագիծը: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանում ծրագրային բյուջետավորման վերջնական ներդրման իրավական հիմքերն ապահովող օրենսդրական նախաձեռնությունը: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը միտված է քաղաքացիաիրավական հարաբերություններում պարտավորության կողմերի` պարտապանի և պարտատիրոջ համար համաչափ հավասարակշռություն մտցնելուն:

Սփյուռք

Թուրքիայի հայ համայնքը տևական ժամանակ է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման հարցում պատասխան է սպասում ներքին գործերի նախարարությունից: Վերջինս դեռևս չի պատասխանել Ստամբուլի նահանգապետարանի միջոցով պատրիարքարանի կողմից ներկայացված դիմումին: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հարցը տեղափոխել է մեջլիս՝ գրավոր հարցում ուղղելով ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: 

Միջազգային խճանկար

Այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակը Օսլոյում հանձնվել է Միջուկային զենքի արգելման միջազգային արշավին (International сampaign to abolish nuclear weapons, ICAN), որը միավորում է ավելի քան 100 երկրի ոչ կառավարական կազմակերպություններ։  

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը ելույթ է ունեցել մեջլիսում բյուջետային քննարկումների ժամանակ՝ հայտարարելով, որ իրենց բյուջեն ամենաանբարեխիղճն ու անարդարն է: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ուժային կառույցների բյուջեն ավելացվել է 40-50 տոկոսով, մինչդեռ կրթության, ընտանիքի հարցերով զբաղվող նախարարությունների բյուջեն՝ ընդամենը 8-9 տոկոսով: «Ստացվում է, որ նոր բյուջեով նախատեսվում է ունենալ ավելի քիչ հիվանդանոց, դպրոց, բայց ավելի շատ զենք»,- փաստել է քրդամետ կուսակցության հայ պատգամավորը: Նա ընդգծել է, որ մեջլիսի հիմնական պարտավորությունն է կանխել պետության վերածումը հանցախմբի: «Դա անում են ժողովրդավարական քաղաքականության, օրենքի գերակայության, մամուլի ազատության միջոցով, այլ ոչ թե S400-ներ գնելով»,- հայտարարել է Փայլանը:

Իսլամական համագործակցության կազմակերպությունը Պաղեստինը ճանաչել Է պետություն՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կողմից Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելուց հետո Թուրքիան դեսպանատուն կբացի Արևելյան Երուսաղեմում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Պաղեստինյան պետության ճանաչումը համապատասխանում է ՄԱԿ-ի որոշումներին: Մենք ձգտելու ենք հասնել Արևելյան Երուսաղեմի ճանաչմանը՝ որպես Պաղեստինի մայրաքաղաք»,-ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ այդ ուղղությամբ իրենք գործադրելու են բոլոր ջանքերը, քանի դեռ ԱՄՆ-ն հետ չի կանգնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից:

Հորդանանի Ազգային ժողովի (խորհրդարանի) ստորին պալատի պատգամավորները պահանջել են «վերանայել այն բոլոր համաձայնագրերը, որոնք թագավորությունը կնքել Է Իսրայելի հետ, ներառյալ 1994 թվականի հաշտության պայմանագիրը»:

Իսրայելական բանակի հետ բախումների արդյունքում չորս պաղեստինցի սպանվել է, 888-ը`վիրավորվել Գազայի հատվածում, Երուսաղեմում և Հորդանանի Արևմտյան ափին։

Վաշինգտոնը մտադիր չէ մինչեւ 2021 թվականը փորձել իշխանությունից հեռացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Այդ մասին հայտնել Է The New Yorker հանդեսը: Եվրոպացի եւ ամերիկացի չինովնիկների թվից նրա աղբյուրների տեղեկությունների համաձայն, Դոնալդ Թրամփի վարչակազմը «պատրաստ Է ընդունել նախագահ Բաշար Ասադի կառավարման շարունակումը մինչեւ 2021 թվականին Սիրիայում կայանալիք հաջորդ նախագահական ընտրությունները»: «Այս որոշումը նահանջ Է ԱՄՆ-ի կողմից քանիցս կրկնված այն հայտարարություններից, որ Ասադի պաշտոնաթողությունը պետք Է դառնա խաղաղ կարգավորման բաղադրատարրերից մեկը»,-ընդգծում Է հանդեսը: Սիրիայի բնակիչներն իրենք են որոշելու՝ երկրի ներկայիս նախագահ Բաշար Ասադը պետք Է արդյոք մնա իր պաշտոնում: Այդ մասին լրագրողների համար անցկացված բրիֆինգում հայտարարել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը: «Մենք գտնում ենք, որ Սիրիայի ապագան չի ներառելու Բաշար Ասադին, բայց վերջին հաշվով դա կորոշեն Սիրիայի բնակիչներն ու ընտրողները»,- ասել Է նա: Սիրիայից ՌԴ-ի զորակազմի դուրսբերումն սկսելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան Նաուերթն ասել Է. «Ռուսաստանը կարող Է համարել, որ Սիրիայում իր աշխատանքն ավարտված Է: Մեր աշխատանքը Սիրիայում ավարտված չԷ»: Սիրիայի Տարտուս քաղաքում կստեղծվի ռուսական լիարժեք ռազմածովային բազա: Այդ մասին հայտնել Է ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ ծովակալ Վիկտոր Կրավչենկոն: «Դա կամրապնդի Միջերկրական ծովում մեր նավատորմի օպերատիվ հնարավորությունները եւ ամբողջությամբ վերցված Ռուսաստանի դիրքերը Մերձավոր Արեւելքում»,- ասել Է Կրավչենկոն: Նա նշել Է, որ ավելի վաղ Տարտուսում Ռուսաստանը նյութատեխնիկական ապահովման կետ ուներ, «դա փոքր տարածք Է, ընդլայնելով տարածքը՝ մենք ռազմածովային բազա ենք ստեղծում»:

Մշակույթ

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ԱՊՀ-ի երկրների մշակույթի, գիտության եւ կրթության այլ գործիչների թվում դարձել Է «Համագործակցության աստղի» դափնեկիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել Է ԱՊՀ-ի մասնակից պետությունների ստեղծագործական ու գիտական մտավորականության՝ Մոսկվայում ընթացող համաժողովում:

Սպորտ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը հաջողությամբ ավարտեցին ելույթները Լոնդոնի մրցաշարում: «London chess classic Fide open»-ի մրցաշարում Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր և կիսեցին 1-2 տեղերը: Լրացուցիչ միավորներով առաջինը Սարգսյանն է, իսկ Մելքումյանը՝ երկրորդը:

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ավարտեց ելույթները Մալայզիայի մրցաշարում: Նա վերջին՝ 9-րդ տուրում ևս մեկ անգամ հաղթանակ տոնեց և 9 հնարավորից հավաքելով 8 միավոր կիսեց առաջին և երկրորդ տեղերը:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը «Grand Chess Tour»-ի վերջնական հաշվարկում 3-րդ տեղում է: Grand Chess Tour-ի հաղթող դարձավ Մագնուս Կարլսենը, ով հավաքեց 34 միավոր: Նորվեգացին վաստակել է 75 հազար ԱՄՆ դոլար: Երկրորդ հորիզոնականում 31 միավորով Մաքսիմ Վաշիե-Լագրավն է (50 հազար ԱՄՆ դոլար) և եռյակի վերջում 25 միավորով Լևոն Արոնյանն է (25 հազար ԱՄՆ դոլար):

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը դարձել է միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր:  Պորտուգալիայում կայացած «Trofeu Internacional de Anadia» մրցաշարում Ստեփանյանը սկրեչ ձևի մինչև 23 տարեկանների 60 շրջան պայքարում դարձել է արծաթե մեդալակիր:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպում է  ունեցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ: Հանդիպմանը քննարկվել են 28-ամյա ֆուտբոլիստի ապագայի հարցը: Հայտնի է դարձել, թե երբ են Մխիթարյանը և Մոուրինյոն տարաձայնություն ունեցել: Այս մասին գրում է ESPN-ն: Պարբերականի պնդմամբ դեռևս նոյեմբերին «Բրայթոն»-ի դեմ խաղից հետո Մոուրինյոն խաղընկերների ներկայությամբ քննադատել է Մխիթարյանին: Հայ կիսապաշտպանը չի համաձայնել Մոուրինյոյի հետ և զայրացրել է պորտուգալացի մասնագետին: Մոուրինյոն դժգոհ է Մխիթարյանի պաշտպանողական գործողություններից: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 8 խաղից միայն 1-ում է հանդես եկել:  «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել է լուրերն այն մասին, որ «կարմիր սատանաները» հունվարին կարող են վաճառել Մխիթարյանին: «Իմ կարծիքով հունվարին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կքննարկի առաջարկներ Մխիթարյանի և Շոուի վաճառքի մասին: Ամեն մի ֆուտբոլիստ իր արժեքն ունի և եթե երջանիկ չէ ակումբում և ուզում է, որ իրենց վաճառեն, ապա ես չեմ կարող մերժել»,- ասել է Մոուրինյոն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am