ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Արցախի Նախագահի հետ

Armenpress 22:01, 15 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 15-ինն  հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ՀՀ պատվիրակությանը՝ Նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է, որ Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ այն համարելով Արցախի Հանրապետության զարգացման ու զորացման կարևորագույն հիմքերից մեկը: ԱՀ նախագահը նշել է, որ այս տարի տնտեսության մեջ բավական բարձր ցուցանիշներ են արձանագրվել՝ ընդգծելով նաև Հայաստանի կառավարության մասնակցությունն այդ ձեռքբերումներում: Նա տեղեկացրել է նաև մի շարք հավակնոտ ծրագրերի մասին, որոնք նախատեսվում է իրականացնել 2018 թ.:

Նախագահ Սահակյանի խնդրանքով, Կարեն Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել է այսօր Մեղրիում բացված Ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ: Նշելով, որ այսօր արդեն մի քանի պայմանագրեր են ստորագրվել ԱՏԳ-ի գործունեության վերաբերյալ՝ Հայաստանի գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ դա չափազանց կարևոր քայլ է, որը մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա: «Այս տարի մենք նույնպես ունենալու ենք որոշակի թվեր, որոնք վկայում են դրական տենդենցի մասին: Իհարկե, դա չի նշանակում, որ անելիքները քիչ են, բայց մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնենք մեր տնտեսությունը», - ասել է ՀՀ վարչապետը: Խոսելով Իրանի հետ տնտեսական համագործակցության մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ չնայած այս տարի երկկողմ առևտրաշրջանառության ոլորտում 9 տոկոս աճ է գրանցվել, սակայն այդ թվերը հեռու են իրական ներուժից:

ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը քննարկել են էներգետիկայի, առողջապահության, տարածքային կառավարման, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով այդ համատեքստում փորձի փոխանակումը և ավելի սերտ փոխգործակցությունը համապատասխան գերատեսչությունների միջև:

Զրուցակիցները քննարկել են անվտանգության, մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի հետ կապված հարցեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am