ՌԴ-ում Հայաստանի դեսպանը հանդիպել է ՄԳԻՄՕ-ի հայ ուսանողների հետ

Armenpress 12:15, 15 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական համալսարանում (ՄԳԻՄՕ) դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը բուհի և մոսկովյան այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների հայազգի ուսանողների հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Հանդիպմանը դեսպան Տողանյանը, կարևորելով հայ-ռուսական հարաբերությունների արդի փուլում ռուսաստանաբնակ հայ երիտասարդների դերն և մասնակցությունը, անդրադարձավ երիտասարդների ներգրավմանն ուղղված դեսպանության տարաբնույթ նախաձեռնություններին և կոչ արեց դրսևորել առավել նպատակային ակտիվություն երկու երկրների միջև հասարակական և հումանիտար ոլորտներում կապերի առավել ամրապնդման համար։  Դեսպան Տողանյանը պատասխանեց նաև ուսանողների տարաբնույթ հարցերին, որոնք առնչվում էին ՀՀ և ՌԴ միջև երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ներկայիս փուլին, եվրասիական տարածքի ինտեգրացիոն գործընթացներին, արցախյան հիմնախնդրին, դեսպանության կողմից հանրային դիվանագիտության զարգացմանն ուղղված աշխատանքներին ու Հայաստանի հետ ռուսաստանաբնակ երիտասարդների կապի ամրապնդմանը։  2018թ․-ի սկզբին դեսպանության նախաձեռնությամբ նախատեսվում է անցկացնել ռուսաստանաբնակ հայ երիտասարդների ֆորում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am