«Քարանձավի մարդիկ». «Գոյ» թատրոնը բեմադրել է Սարոյանի սրտեր ջերմացնող պիեսը

Armenpress 20:41, 14 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Գոյ» թատրոնը Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ բեմադրել է Վիլյամ Սարոյանի «Քարանձավի մարդիկ» պիեսը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից՝ հավելելով. «Ամերիկահայ հռչակավոր գրող և դրամատուրգ Վիլյամ Սարոյանի մտքի ու տաղանդի դրսևորումները հայ հանդիսատեսին ներկայացնելու գովելի նախաձեռնությամբ է հանդես եկել «Գոյ» թատրոնը:  Վերջինս, ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, բեմադրել է «Քարանձավի մարդիկ» պիեսը, որն հայ հանդիսատեսի դատին է ներկայացվում հենց տոների նախօրեին:

«Վիլյամ Սարոյանը, լինելով ամերիկյան ու հայկական աշխարհների կրողը, հստակ գիտակցում էր, որ մենք բոլորս կապված են միմյանց հետ՝ անկախ մեր ծագումից: Այս պիեսում Սարոյանը շեշտում է, որ կարեկից սիրտը մարդկանց չի լքում նույնիսկ մութ ու դժնդակ պահերին», - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Պիեսի հերոսները մի քանի այլաբերական կերպարներ են, ովքեր հանգրվանել են թատրոնի լքված շենքում, որը շուտով քանդվելու է: Եվ ահա այդ գորշ պայմաններում մարդու հոգին իրապես ջերմացնում են սենտիմենտալիզմի դրսևորումները, որոնք նաև մեզ բոլորիս հիշեցնում են մեր ընդհանուր մարդկային ակունքների մասին:

«Այս ներկայացումը նվիրվում է սիրո և բարության փողհար Վիլյամ Սարոյանի ծննդյան 110 ամյակին: Սեր և բարություն, որն այդքան անհրաժեշտ է այսօր աշխարհին: Քաղաքակրթության այս դաժան իրողության մեջ, քանդման ենթակա անմարդաբնակ քարանձավում, անպետք հռչակված մարդիկ չեն չարացել և հուսահատվել: Նրանց կոչումն է կյանքը: Նրանց քարոզը սերն է: Եվ սերն արձագանքում է - երեխա է ծնվում: Երիտասարդները գտնում են իրար», - ասաց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը:

Ներկայացումները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին, 16-ին և 19-ին: «Քարանձավի մարդիկ» ներկայացումը կներառվի «Գոյ» թատրոնի մշտական խաղացանկում: 2018թ. խաղացանկը կներկայացվի ավելի ուշ»: 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am