Վիճաբանություն Թուրքիայի մեջլիսում. պատգամավորը նախարարին «ուրացող» է անվանել

Armenpress 10:50, 12 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) և ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունների (ՀԺԿ) պատգամավորների միջև բյուջետային քննարկումների ժամանակ վիճաբանություն է սկսվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

ԱԶԿ-ի խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Մեհմեթ Մուշի ելույթից հետո խոսել են ընդդիմադիր քեմալական կուսակցության պատգամավորները, ում դուր չէր եկել Մուշի հայտարարությունը:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի ելույթից հետո ՀԺԿ պատգամավորներից մեկը նրան «ուրացող» է անվանել: Ի պատասխան այդ հայտարարության՝ Սոյլուն դիմել է պատգամավորին՝ ասելով. «Ուրացողը կուսակցությանդ նախագահն է»:

Երկու կուսակցության պատգամավորների միջև վիճաբանություն է սկսվել: Մեջլիսի նախագահը փորձել է հանգստացնել պատգամավորներին, սակայն ձախողել է, ինչից հետո որոշում է կայացրել ընդմիջել նիստը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am