1000х90.jpg (78 KB)

Երիտասարդները Մխիթարյան միաբանության գործունեության գլխավոր հասցեատերերն են

Armenpress 13:04, 8 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզի մուտք գործելու 300-ամյակին նվիրված գիտաժողովը ևս մեկ առիթ է հանրահռչակելու միաբանության գործունեությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 8-ին կայացած գիտաժողովին ներկա էր նաև  Վենետիկի Մխիթարյան միաբանության ներկայացուցիչ Հայր Սերոբ վարդապետ Չամուռլյանը:«

««Գիտաժողովն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջև կնքված սուբսիդիայի պայմանագրի հիման վրա: Նման գիտաժողովներ մենք կազմակերպում ենք տարբեր թեմաներով: Դրանք անմիջականորեն կապված են հուշարձանների, մշակութային արժեքների պահպանության հետ: Մշակութային արժեքները համազգային են` անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում են գտնվում, պետք է հանրահռչակել այն: Եվ մենք միաբանությունը դիտարկում ենք որպես պատմական արժեք և պարտավոր ենք պահպանել նրանց թողած գիտական ժառանգությունը»,-ասաց ՊՈԱԿ տնօրեն Արա Թարվերդյանը:

 Մինչ գիտաժողովը եղել է այց Մխիթարյան միաբանություն, հավաքագրվել են շատ արժեքավոր լուսանկարներ միաբանության արխիվից և գրապահոցից: Այնուհետև հիմք է դրվել այս համագործակցությանը:

Հայր Սերոբ վարդապետ Չամուռլյանը շատ կարևորեց նման գիտաժողովներով ոչ միայն Մխիթարյան միաբանությանը, այլ նաև հայ իրականության մեծերին անդրադառնալը: «Մենք այսօր թվաքանակով գուցե փոքր ազգ ենք, սակայն ժառանգում ենք մեծ ազգի հսկա տուրք: Եվ պետք է աշխատենք այն զարգացնելու ուղղությամբ: 300-ամյակին նվիրված այս աշխուժությունը հայրենիքում մեզ համար մեծ խթան է»,-ասաց նա:

Հայր Սերոբ վարդապետ Չամուռլյանը դժվարացավ միաբանության 300-ամյա գործունեությունն ամբողջացնելով՝ առանձնացնել ամենակարևոր ձեռքբերումը: «Մխիթարյան միաբանության գործունեությունն ամփոփելով՝ տեսնում ենք բազմաթիվ հրատարակություններ, դաստիարակչական մեծ գործունեություն, սերունդների հետ մեծ աշխատանք: Եվ դրանցից որևէ մեկն առանձնացնել՝ կնշանակի արժեզրկել մյուսները:  Մեր գործունեության գլխավոր ուղղություններից է, բնականաբար, հայապահպանությունը:  Երիտասարդները մեր աշխատանքների գլխավոր հասցեատերերն են»,-ասաց նա ու կարևորեց  հայրենիքի հետ կապի սերտացումը:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան այն գիտնականները, ովքեր երբևէ զբաղվել կամ զբաղվում են Մխիթարյանների ամբողջ կենսագրությամբ: Նախատեսված է նաև «Կղզյակ, որ մեզ ետուր արև» խորագրով ցուցահանդես «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում: Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն Մխիթարյան միաբանության 300 տարիների ձեռքբերումները, նաև հանրահայտ Կուտինայի հախճապակին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am