1000х90.jpg (78 KB)

Թրամփը տվեց մեկնարկը. արդյո՞ք Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու նրա քայլը շարունակություն կունենա

Armenpress 12:42, 8 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՀՀ: «Վստահ եմ՝ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել։ Մինչ նախկին նախագահները միայն խոստումներ էին տալիս այս մասին, բայց իրենց խոսքը չէին պահում, ես պատրաստ եմ դա անել։ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է։ Այս փաստի ճանաչումը ոչ ավելին է, քան իրականության ընդունում»,-հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ կտեղափոխվի։ Թրամփի՝ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ որոշումը Իսրայել-Պաղեստին հակամարտությանը նոր թափ է հաղորդել։ Ինչպես նշում է «The Daily Mail»-ը, իր այս քայլով Թրամփը փոխել է տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ի՝ տարածաշրջանային խաղաղության պահպանմանն ուղղված քաղաքական գիծը։ Այն զանգվածային բողոքի ակցիաների ու համընդհանուր զայրույթի առիթ է դարձել Մերձավոր Արեւելքում։ Գազայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, այրել ԱՄՆ-ի դրոշները, համազգային գործադուլի կոչեր արել։ Համանման ակցիաներ են տեղի ունեցել մյուս շրջաններում։ Պաղեստինյան Ռամալլահ քաղաքի բնակիչներից մեկը հայտնել է, որ քաղաքում ու Պաղեստինի տարածքներում համընդհանուր գործադուլ է անցկացվում։ Իսրայելական հսկիչ-անցագրային կետերի մոտ կառուցվում են բարիկադներ, մարդիկ այրում են մեքենաների անիվներ։ Համընդհանուր գործադուլի շրջանակում փակվել են դպրոցներ, կրթական այլ հաստատություններ, խանութներ։ Հայտնի է, որ Իսրայելի պաշտպանության բանակը մի քանի լրացուցիչ գումարտակ, ինչպես նաեւ՝ հետախուզական եւ տարածքի պաշտպանության ստորաբաժանումներ է ուղարկում Հորդանան գետի արեւմտյան ափ։ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասն ասել է, որ Թրամփի «ցավալի ու անընդունելի» որոշումն ուղղակիորեն վտանգի տակ է դնում խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերը։ «Այս որոշումը տարածաշրջանում «դժոխքի դռները» կբացի ԱՄՆ-ի համար»,-նշել է Պաղեստինում գործող «Համաս» շարժման ղեկավար Իսմայիլ Ռադվանը։ Բացի այդ, խմբավորումը հայտարարել է, որ ապագայում սպասվում են ցասման նոր օրեր։ Պաղեստինցի եւ իսրայելցի զինծառայողների միջեւ Հորդանանի արեւմտյան ափին՝ Հեւրոնի կենտրոնում, բախումներ են սկսվել։  Պաղեստինցիները, ի նշան բողոքի, հանգցրել են քրիստոնյաների համար սրբազան համարվող Բեթղեհեմ քաղաքի Սուրբ Ծննդյան տաճարի մոտ տեղադրված տոնածառի լույսերը։ Պաղեստինը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է արել հասնել Միացյալ Նահանգների կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման չեղարկմանը։  Թրամփի հայտարարությունից կարճ ժամանակ անց ԱԽ 8 անդամ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Եգիպտոսը եւ Ֆրանսիան, խնդրել են արտահերթ նիստ անցկացնել ամերիկյան կողմի որոշումը քննարկելու համար։ ԱՄՆ-ի ղեկավարի հայտարարությունը դրական արձագանք է ստացել միայն Իսրայելի կողմից։ Երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Թրամփի որոշումը պատմական է որակել։ «Սա պատմական օր է։ Երուսաղեմը մոտ 70 տարի Իսրայելի մայրաքաղաքն է։ Երեք հազարամյակ շարունակ Երուսաղեմը մեր հույսերի, երազանքների ու աղոթքների կենտրոնում էր։ Երեք հազար տարի Երուսաղեմը հրեա ժողովրդի մայրաքաղաքն է»,—ասել է Նեթանյահուն։  Բացի այդ, Իսրայելի վարչապետը կոչ է արել մյուս երկրներին հետեւել ԱՄՆ–ի օրինակին։ Իսկ աշխարհի երկրների առաջնորդները խստորեն դատապարտել են քայլը՝ նախազգուշացնելով, որ դա բացասաբար կազդի Պաղեստինի հետ խաղաղ բանակցային գործընթացի վրա։ Կաթոլիկների հոգեւոր առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ աղոթում է Աստծուն, որպեսզի աշխարհում առկա բազում դաժան հակամարտությունների շարքը նոր լարվածությամբ չհամալրվի։ «Այս որոշումը ցավալի է, Ֆրանսիան այն հավանության չի արժանացնում, այն հակասում է միջազգային իրավունքի եւ ԱՄՆ անվտանգության խորհրդի բոլոր բանաձեւերին»,-Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի խոսքերը մեջբերում է «Reuters»-ը։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքով՝ այդ հարցն անհրաժեշտ է լուծել երկու պետությունների խաղաղ գոյակցման սկզբունքի հիման վրա։ Կանցլերը նշել է, որ դա գերմանական իշխանությունների պաշտոնական դիրքորոշումն է։ «Վատթարագույնը, որ կարող է հիմա կատարվել, լարվածության սրացումն է սրբավայրերի շուրջ եւ տարածաշրջանում, քանի որ այն, ինչ կատարվում է Երուսաղեմում, նշանակություն ունի ողջ տարածաշրջանի ու աշխարհի համար»,- ասել է ԵՄ արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։ «Մենք կարծում ենք, որ Թրամփի որոշումն օգուտ չի բերի այն առումով, ինչ վերաբերում է այդ տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարներին,-նշել է Բրիտանիայի կառավարության ղեկավար Մեյը։-Իսրայելում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը գտնվում է Թել Ավիվում, եւ մենք այն տեղափոխելու պլաններ չունենք»։ Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանն այն կարծիքին է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հրաժարվի Մեծ Բրիտանիա պետական այցի գաղափարից։ «Երուսաղեմի կարգավիճակի հարցը պետք է լուծվի կողմերի ուղղակի բանակցություններով»,-ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը։ Թուրքիայի նախագահ Էրդողանը նշել է. «Երուսաղեմը սրբավայր է մահմեդականների, քրիստոնյաների, հրեաների համար։ Այս քայլը՝ մանավանդ այս տարածաշրջանի համար, նման է վառվող լուցկու։ Առաջնորդները պետք է ոչ թե հակամարտությունները սրեն, այլ խաղաղություն հաստատեն։ Եթե Թրամփը կարծում է, որ ինքն այդքան ուժեղ է եւ դրանով ճիշտ, ապա նա սխալվում է։ Ուժեղ լինելը չի նշանակում ճիշտ լինել»։ Ավելի վաղ Էրդողանը սպառնացել է խզել դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ։ Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին նշել է, որ ԱՄՆ-ի քայլը բխում է «սեփական թուլությունից ու ոչ կոմպետենտ լինելուց»։ Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Երուսաղեմի կարգավիճակը բարդ ու զգայուն հարց է, որի շուրջ ԱՄՆ-ի որոշումը կսրի տարածաշրջանային հակամարտությունը։

Հակամարտության լուծումը բանակցությունների միջոցով է Հայաստանը եւս արձագանքել է հայտարարությանը։ Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանություն է տարածել Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունը, նախարարի մեկնաբանության մեջ ասվում է. «Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարեւորագույն խնդիրներից է եւ կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելապաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տեւական անվտանգության եւ խաղաղության հաստատման համար։ Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմամշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը։ Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետեւում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին»։ Արձագանքել են նաեւ հայկական եկեղեցիների ներկայացուցիչները։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի խոսքով՝ Երուսաղեմի՝ սուրբ երկրի բոլոր քրիստոնյա համայնքները եւ հոգեւոր պետերը մտահոգված են. «Բոլոր հոգեւոր պետերի կողմից ստորագրված մի նամակ ենք ուղղել Թրամփին, որտեղ հոգեւոր պետերը կոչ են անում Դոնալդ Թրամփին, որ շարունակի ճանաչել տասնամյակներ շարունակ ճանաչված Երուսաղեմի կարգավիճակը, եւ որեւէ փոփոխություն չկատարի այդ կարգավիճակում։ Հոգեւոր պետերը մտահոգություն են հայտնում, որ նման հայտարարությունը կարող է բռնությունների առաջնորդել, կոնֆլիկտ ստեղծել եւ այն տառապանքը, որ արդեն երկու ազգերն ապրում են հակամարտության պատճառով, էլ ավելի ավելանա։ Ատելությունը կարող է աճել այստեղ բնակիչների միջեւ»։ Երուսաղեմի շուրջ զարգացումները, ինչպիսին էլ լինեն, ըստ նրա՝ կազդեն նաեւ այնտեղ ապրող հայ համայնքի, նրանց գործունեության վրա։ Որոշումը լուրջ անհանգստություն է առաջ բերել ինչպես Հայ եկեղեցում, այնպես եւ քրիստոնեական քույր եկեղեցիների ու կրոնական այլ հարանվանությունների մոտ։ Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգությամբ հետեւում է Երուսաղեմի վերջին զարգացումներին։ «Հայ եկեղեցին կարեւոր դերակատարություն ունի ս. տեղյաց պահպանության գործում։ Երուսաղեմի հայոց պատրիարքությունն է իրականացնում իր ուխտյալ միաբանությամբ դժվարին այդ առաքելությունը՝ քրիստոնյաներիս համար սրբազան այդ հողում պաշտպանելով հայոց պատմական ներկայությունը եւ դարերով ձեւավորված կանոնակարգերն ու իր իրավունքները։ Վստահ ենք, որ միջազգային հանրության կողմից ամեն ջանք կգործադրվի հանուն խաղաղության, ինչպես նաեւ քրիստոնեական եկեղեցիների դարավոր իրավունքների հարգման ու անխաթար պահպանման համար։ Մայր Աթոռը Երուսաղեմի հայոց պատրիարքության հետ համախորհուրդ անհրաժեշտ քայլերը կձեռնարկի այս ուղղությամբ»,-ասել է տեր Վահրամը։ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը դեմ է հայտարարությանը։ Նա ելույթ է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ազգային ընդհանուր ժողովում եւ անդրադարձել հայտարարությանը, մերժելով այդ մոտեցումը, որը չի համապատասխանում միջազգային օրենքի արդարությանն ու պատմական իրողությանը։ Միաժամանակ, Վեհափառ հայրապետը շեշտել է, որ Երուսաղեմը պետք է մնա բաց քաղաք միաստվածության երեք կրոնների ներկայացուցիչների համար՝ հրեական, քրիստոնեական ու իսլամական, եւ հիշյալ կրոնների իրավունքները պետք է միշտ պաշտպանված լինեն Երուսաղեմում։ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմամբ կարող է Մերձավոր Արեւելքում անկայունության եւս մեկ օջախ հասունանալ, կարծում է արաբագետ Արմեն Պետրոսյանը։ «Կարող ենք ականատես լինել անկանխատեսելի դժգոհությունների պաղեստինցիների կողմից, որոշ երկրների ու Իսրայելի, ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների վատթարացման, ապստամբության հնարավորության։ Դրանից բացի, կարող է լինել ԱՄՆ-ի վարկի անկում արաբամուսուլմանական աշխարհում։ Այս քայլը պաղեստինյան հիմնախնդրի լուծման գործում հանգեցնում է ԱՄՆ-ի միջնորդական դերակատարության ձախողման։ Նման միակողմանի որոշմամբ ԱՄՆ-ն դուրս է մնում գործընթացից, այն պրոիսրայելական որոշում է։ Նաեւ խախտում է միջազգային իրավունքի նորմերը։ Երուսաղեմի վերաբերյալ գոյություն ունի ՄԱԿ-ի բանաձեւ առ այն, որ մինչեւ խնդրի կարգավորումը, քաղաքը պետք է մնա չեզոք»։ Դժվար ժամանակներ են սկսում նաեւ Իսրայելի համար։ Արաբագետը նկատել է, որ առաջին հայացքից թվում է, թե ԱՄՆ-ի այս քայլը դրական է, սակայն ակնհայտ է, որ բավական լուրջ քաղաքական, դիվանագիտական արշավ է սկսվելու Իսրայելի դեմ։  «Ամեն դեպքում ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը չի նշանակում, որ աշխարհն է ճանաչում։ Քիչ հավանական է, որ աշխարհաքաղաքական խոշոր դերակատարները կգնան նման քայլի»,-հավելել է նա։

Ա. Խ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am