1000х90.jpg (78 KB)

Հաջողությունների հասնելու համար պետք է կրթված և ինտելեկտուալ բռնցքամարտիկ լինես. Գոռ Երիցյան

Armenpress 11:17, 8 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են իրենց հաջող ելույթները պրոֆեսիոնալ ռինգում: Հայաստանը ներկայացնող մի քանի մարզիկների շարքում է նաև Գոռ Երիցյանը, ով իր 5-րդ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ասպարեզում: Գոռի հետ մեր հանդիպումը և զրույցը կայացավ մեր խմբագրությունում, որտեղ նա մեծ սիրով համաձայնեց հյուրընկալվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երիցյանը խոսեց բռնցքամարտի, պրոֆեսիոնալ ռինգում իր մրցակցի, սիրողական և պրոֆեսիոնալ ռինգերի տարբերության և առաջիկա անելիքների մասին:

-Գոռ, կպատմեք, թե ե՞րբ եք սկսել զբաղվել բռնցքամարտով և ո՞ւմ խորհրդով:

-Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել 12 տարեկանից` 2006 թվականից: Հայրս տարավ իր հետքերով, քանի որ ինքն էլ է ժամանակին բռնցքամարտով մարզվել է: Սակայն մինչ բռնցքամարտը մարզվել եմ նաև կարատեով: Քիչ-քիչ սկսեցի հասկանալ, որ բռնցքամարտը իմ մարզաձևն է, քանի որ հաջողությունների հասա Հայաստանի առաջնությունում և Եվրոպայի առաջնությունում և այդպես շարունակ:

-Սովորաբար, երբ ընտանիքի անդամները նույն մասնագիտությունն են ունենում, ապա կամ միմյանց հրաշալի են հասկանում կամ հակառակը: Ինչպե՞ս է ձեզ մոտ:

-Մեզ մոտ հրաշալի է ստացվում, քանի որ հայրս օգնում և աջակցում է ամեն հարցում: Խորհուրդներ է տալիս այս կամ այն մենամարտի համար: Իսկ մայրիկս մեր ընտանիքի ամենահամարձակներից մեկն է: Սառնասիրտ է մոտենում մենամարտերին: Նրա մոտ չկա «վայ, երեխես» արտահայտություն: Միշտ կրկնում է, որ ամեն ինչ լավ կլինի, և ես էլ պետք է լավ մենամարտեմ:

-Վերջերս անցկացրեցիք ձեր հերթական մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: Ինչպիսի՞ մրցակից էր բաժին հասել ձեզ:

-Ի սկզբանե մրցակիցս պետք է մարոկացի լիներ, բայց հետո ինչ-ինչ խնդիրների պատճառով փոխվեց: Վերջին երկու-երեք օրերի ընթացքում բոլորիս մրցակիցները փոխվեցին: Հակառակորդս Մադրիդում ապրող վրացի բռնցքամարտիկ էր: Փորձառու էր, 32 մենամարտ էր անցկացրել, որոնից 20-ում հաղթանակ էր տոնել: Սակայն ռինգում ինձ մոտ ամեն ինչ հեշտ ստացվեց և 4-րդ ռաունդից հետո հրաժարվեց հետագա պայքարից: Հիմա մեզ նմանատիպ մենամարտեր շատ են պետք, քանի որ այս կերպ բարձրացնում ենք մեր վարկանիշը: Այստեղ առավել կարևոր է, ոչ թե մենամարտերի քանակը, այլ բռնցքամարտիկների ունեցած վարկանիշը:

-Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մի քանի անդամներ` այդ թվում և դուք մասնակցեցիք Լեհաստանում կայացած միջազգային մրցաշարի:  Ինչպիսի՞ն էր այն:

-Մեկնեցինք ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հետ: Սիրողական այդ ռինգում ինձ հաջողվեց ոսկե մեդալակիր դառնալ: Մրցաշարն անցավ ընկերական մթնոլորտում, և մենք էլ, ֆեդերացիայի ղեկավարությունն էլ գոհ էր:

-Սիրողական և պրոֆեսիոնալ ռինգերը տարբեր հարթակներ են: Որո՞նք են ձեզ համար հիմնական առանձնահատկությունները:

-Սիրողականը և պրոֆեսիոնալը, կարծես, դպրոցի և համալսարանի տարբերությունն ունենան: Հաջողությունների հասնելու համար պետք է կրթված և ինտելեկտով հարուստ բռնցքամարտիկ լինես: Իմ կարծիքով լավ արտահայտվելու համար սիրողական բռնցքամարտի 3 ռաունդները քիչ են: Պրոֆեսիոնալում էլ պետք է շատ բան տաս և աշխատես լուրջ մասնագետների հետ: Ինչպես անում ենք մենք հիմա` հավաքականի գլխավոր մարզիչ Դավթի Թորոսյանի հետ ենք աշխատում:  Բոլորիս համար էլ աճն ակնհայտ է: Մեծ ընտանիքի պես առաջ ենք գնում:

-Ռինգում` այդ աղմուկի մեջ, ո՞ւմ եք լսում:

-Ում պետք է լսեմ, միայն՝ մեր մարզչին: Լսում եմ նաև մյուսներին, բայց ուշադրություն չեմ դարձնում: Ամենակարևորը անկյան հետ մարզչի ու քո կապն է:

-Եթե չլիներ բռնցքամարտը ինչո՞վ կզբաղվեիք:

-Դժվարանում եմ ասել, քանի որ չեմ տեսնում ինձ այլ գործում: Սակայն սովորել եմ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում և ունեմ նաև մանկավարժի մասնագիտություն:

-Բռնցքամարտիկը պետք է տաղանդավո՞ր լինի, թե՞ աշխատասեր:

-Տաղանդավոր պետք է լինես, պարտադիր: Բայց առանց աշխատասիրության տաղանդը պետք չի գա:

-Բոլոր մարզիկների մեծագույն երազանքը Օլիմպիական խաղերն են: Արդյո՞ք հնարավոր է, որ ձեզ կտեսնենք Տոկիո-2020-ում:

-Հաջորդ Օլիմպիական խաղերում, որոնք կանցկացվեն Ճապոնիայում, մեծ է հավանականությունը, որ կլինեմ: Մեր նպատակը պրոֆեսիոնալ ռինգում առաջ շարժվելն է, սակայն ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում Օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

-Գոռ, պատմե՞ք խնդրում եմ առաջիկա անելիքների մասին:

-Միանշանակ առաջիկա մի քանի օրերին հանգստանալու եմ: Պրոֆեսիոնալ մենամարտից և Լեհաստանի մրցաշարից հետո պետք է վերականգնվել: Իսկ մոտ 10 օրից նորից կվերսկսենք մարզումները` հիմնական շեշտը դնելով ֆիզիկականի վրա: Հունվար ամսվա համար պլաններում կա, որ կմեկնենք ԱՄՆ, որտեղ մարզումներ կանցկացնենք և գուցե նաև կմենամարտենք այնտեղ:

-Գոռ մի քանի բլից հարցեր: Սուրճ, թե՞ թեյ:

-Թեյ:

-Ֆուտբոլ, թե՞ թենիս:

-Ֆուտբոլ:

-Պիցցա, թե՞ պաղպաղակ:

-Պաղպաղակ:

-Թոմ, թե Ջերի:

-Ջերի:

-Ալի, թե Մեյվեզեր:

-Մեյվեզեր:

-Շնորհակալություն զրույցի համար:  

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի Լուսանկարները` Տաթև Դուրյանի, նաև Գոռ Երիցյանի անձնական արխիվից



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am