1000х90.jpg (78 KB)

Արագ և ձայնային բարձր որակով զանգեր LTE ցանցի միջոցով. Ucom-ը նորույթով է հանդես գալիս 

Armenpress 11:45, 1 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում առաջին անգամ Ucom-ը ներդրել է նոր ծառայություն իր շարժական կապի բաժանորդների համար։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծառայությունը կոչվում է Voice over LTE (ձայնը LTE ցանցի միջոցով) և այս տեխնոլոգիայի օգնությամբ զանգեր կատարելու հնարավորություն է տրվում։  Այս տեխնոլոգիայով աշխատող հեռախոսների միջև զանգի միջոցով կապի հաստատումը պահանջում է երկու վայրկյանից քիչ ժամանակ, մինչդեռ 3G ցանցում այդ ժամանակահատվածը 6-10 վայրկյան է։  «Ucom-ի տեխնիկական անձնակազմն ամիսներ շարունակ աշխատել է, որպեսզի ընկերության բաժանորդներն առաջինը Հայաստանում մուտք գործեն հաղորդակցման նոր դարաշրջան։ Ազդանշանը տրվում է նոր բազային կայաններից, որոնք նախորդ տարվանից սկսած մեր ընկերությունը շարունակաբար տեղադրել է Հայաստանի 150-ից ավելի բնակավայրերում»,- նշեց Ucom ընկերության տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը։  Բազային կայանների ծրագրային ապահովումն ու բջջային հեռախոսների թարմացումները Ucom-ի բաժանորդներին հնարավորություն կտան լիարժեք կերպով օգտագործել Voice over LTE տեխնոլոգիայի բոլոր գործառույթները և օգտվել նոր սերնդի մուլտիմեդիա ծառայություններից։  «Մենք արդեն մեկ տարուց ավելի ծառայություններ ենք մատուցում 4G+ ցանցում։ Այսօր մենք այդ նույն ծածկույթում ակտիվացնում ենք Voice over LTE ծառայությունը։ Այն հեռախոսները, որոնք ունեն այդ ծառայությունը կկարողանան զանգ իրականացնել VoLTE ցանցում և ունենալ բարձր որակ։ Մեր այս նոր ծառայության շնորհիվ ինտերնետի խափանում նույնպես չի լինի։ Ցանկացած Ucom բաժանորդ, ում հեռախոսը հնարավորություններ ունի, ավտոմատ VoLTE-ն կակտիվանա,- ընդգծեց Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը և հավելեց,- քանի որ ազգաբնակչության մոտ 65 տոկոսն ունի սմարթֆոն, ապա նրանց 15-20 տոկոսը կօգտվի այդ ծառայությունից»։  VoLTE  տեխնոլոգիայի կարևոր առանձնահատկություններից է ոչ միայն միացման արագությունը, այլև ձայնի բարձր որակը։  Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am