Իրավաբաններ, ֆինանսիստներ, գործարարներ. Չինաստանի փոքրաթիվ հայ համայնքը բավական ակտիվ է տարբեր ոլորտներում

Armenpress 10:07, 30 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում ապրում է մոտ 600 հայ: Չինաստանի հայկական համայնքն ինստիտուցիոնալ ձևով կազմավորվել և գրանցվել է 2013 թվականի վերջին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Չինաստանի հայ համայնքի նախկին նախագահ Մհեր Սահակյանը նշեց, որ այն ունի իր գործադիր մարմինը, որի անդամները ներկայացնում են Չինաստանի տարբեր քաղաքներում բնակվող հայերի շահերը:

«Հենց այս մարմնի միջոցով հաջողվեց միավորել Չինաստանում հազարավոր կիլոմետրեր իրարից հեռու գտնվող մեր հայրենակիցներին։ Նրանք հիմնականում բնակվում են Հոնկոնգ, Գուանջոու, Շանհայ, Նանծին և այլ քաղաքներում։ Տեղի հայերը ներկայացված են տարբեր ոլորտներում, կան սփյուռքահայեր, որոնք սովորել են Արևմուտքի լավագույն բուհերում, իսկ հիմա Չինաստանում աշխատում են առաջատար կազմակերպություններում: Նրանք իրավաբաններ են, ֆինանսիստներ: Հայերի մյուս խումբը Հայաստանից գնացած ուսանողներն են, որոնք կամ ներկայում սովորում են կամ ավարտելուց հետո մնացել են, շարունակում են աշխատել: Ունենք հայեր, որոնք գործարարությամբ են զբաղվում: Ի դեպ, վերջին շրջանում նոր միտում է նկատվում, Հայաստանից  գալիս են Չինաստան անգլերեն դասավանդելու նպատակով»,-ասաց Մհեր Սահակյանը:

Մհեր Սահակյանը նկատեց, որ չնայած հայերը ցրված են տարբեր քաղաքներում, բայց կարողանում են ներկայանալ որպես միակ միավոր: Այստեղ օգնության է հասնում համացանցը: Տեղի հայերին հաջողվել է համախմբվել, ամենօրյա կապ հաստատել համացանցի միջոցով: Նրանք բավական ակտիվ են, պարբերաբար տարբեր քաղաքներում միջոցառումներ են կազմակերպում, դրանից բացի խոշոր նախաձեռնություններով են հանդես գալիս, որին մասնակցում են տարբեր քաղաքներում բնակվող  հայերը»,-ասաց Մհեր Սահակյանը:

Նա կարևոր համարեց հայոց լեզվի պահպանությանն ուղղված քայլերը: Մհեր Սահակյանն ընդգծեց` որոշում կա համայնքային քննարկումները հայերենով կազմակերպելու մասին: Գործում է վիրտուալ քոլեջ, որը մեծ դեր է խաղում հայոց լեզվի պահպանության գործում: Տարբեր քաղաքների հայերը համացանցով միանում են վիրտուալ քոլեջին: Մհեր Սահակյանը տեղեկացրեց, որ համայնքի գործադիր մարմնի անդամ Մերի Կնյազյանը Պեկինի համալսարաններից մեկում անցկացրեց հայոց լեզվի դասավանդման կուրս, որին մասնակցում են նաև չինացիները: Նրանց շրջանում հայերեն սովորելու հետաքրքրություն առաջացավ:

Անդրադառնալով Չինաստանի հայ համայնքի և Հայաստանի հետ կապին` Մհեր Սահակյանը նշեց, որ այն շատ ակտիվ է: Պարբերաբար այցելություններ են կատարվում Հայաստան: Նման հավաք Երևանում կազմակերպվել էր ընթացիկ տարվա օգոստոսին:

Անցյալ տարիների ընթացքում Չինաստանում հայ համայնքը կազմակերպել է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են եղել Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը:

«Դրանցից  կցանկանայի նշել  2015 թ. կազմակերպված միջոցառումները՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Տարբեր քաղաքներում բնակվող հայերով հավաքվեցինք Նանծինում, այցելեցինք Նանծինի կոտորածների թանգարան, հարգանքի տուրք մատուցեցինք հայ, չինացի ու մյուս ազգերի անմեղ զոհերի հիշատակին: Որպեսզի Հայաստանը ներկայացնեինք նաև որպես լուսավոր, զարգացող երկիր ու համակրանք առաջացնեինք չինացի ու արտասահմանցի հարյուրավոր մասնակիցների մոտ, որոշեցինք կազմակերպել «Վերածնունդ» կոչվող մշակութային միջոցառումները: Տեղի ունեցավ տաղանդավոր նկարիչ Սևադա Գրիգորյանի ցուցահանդեսը և Թիենծինում բնակվող հայտնի դաշնակահար Միքայել Հայրապետյանի համերգը»,-ասաց նա:

Համայնքի հատկապես երիտասարդ անդամները շատ ակտիվ էին նաև Արցախի ապրիլյան պատերազմի օրերին: Թարգմանվեցին Պաշտպանության նախարարության հաղորդագրությունները, ինչպես նաև ստեղծվեց հակամարտության ճշմարտացի պատմության վերաբերյալ չինարեն տեքստեր, որոնք բացահայտում էին ադրբեջանական ագրեսիան։

Հայաստանն ու հայկական մշակույթը ճանաչելի դարձնելու գործում հատկապես ակտիվ է Չինաստանի Հայկական համայնքի ուսանողական միությունը, որի անդամները ժամանակ առ ժամանակ տարբեր քաղաքներում հայկական մշակույթի երեկոներ են կազմակերպում, ներկայացնում մեր երկիրը։ Վերջերս Ուսանողական միության նախաձեռնությամբ կազմակերպվեցին հայկական ավանդական պարերի դասընթացներ ոչ միայն հայ, այլև չինացի ուսանողների համար։

Չինաստանի Հայկական համայնքն ամեն տարի կազմակերպում է նաև «Հայ հետազոտողների և ուսանողների» առցանց գիտաժողովը, որը նպատակ ունի աշխարհին ներկայացնել Չինաստանում սովորող ու աշխատող հայ հետազոտողների ու ուսանողների գիտական աշխատանքները: Գիտական կապ է ստեղծվում Չինաստանում գտնվող փորձառու հետազոտողների ու ուսանողների միջև, որի արդյունքում ավագներն օժանդակում են կրտսեր գործընկերներին:

Մհեր Սահակյանը կարևոր համարեց անդրադառնալ նաև երկլեզու լրագրի առկայությանը, որը հասանելի է առցանց: «ՉինաՀայ լրագիրը» յուրահատուկ աղբյուր է դարձել, որտեղ ամրագրված է «ՉինաՀայի» առօրյան ու պատմությունը:

Նոյեմբերի 27-ին կայացել է Չինաստանի Հայկական համայնքի նախագահի գործադիր մարմնի անդամների ընտրություններ: Համայնքի նոր նախագահ է ընտրվել Վաչե Պետրոսյանը: Չինաստանի Հայկական համայնքի նախագահ կարելի է ընտրվել միայն երկու տարով, որից հետո նախկին նախագահը նորից, անմիջապես առաջադրվելու իրավունք չունի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am