1000х90.jpg (78 KB)

«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գիրքը մղում է գործ սկսել երկրում 200 հայկական բիզնեսի օրինակով 

Armenpress 22:50, 28 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գիրքն իր 200 օրինակներով մղում է ընթերցողին Հայաստանում սեփական բիզնես սկսելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 28-ին գրքի շնորհանդեսին այս մասին նշեց գրքի հեղինակ Սամվել Գևորգյանը:

«Այս գիրքը պատասխան է այն թերահավատներին, ովքեր կարծում են, թե Հայաստանում հնարավոր չէ բիզնես հիմնել: Իմ 26 տարվա փորձությունը հիմք ընդունելով՝ ասում եմ՝ Հայաստանում շատ ավելի հեշտ է բիզնես հիմնել, քան այլ երկրում: Գրքում նշված 200 օրինակներն  ապացուցում են այդ հիմնավորումը»,- ասաց հեղինակը:

Գիրքը բաղկացած է 21+1 գլխից, որոնք բաժանված են 4 հիմնական մասի՝ «Պլանավորիր քո բիզնեսը», «Կազմակերպիր քո բիզնեսը», «Կառավարիր քո բիզնեսը», «Զարգացրու քո բիզնեսը»: Լրացուցիչ 22-րդ գլխի գաղափարն այն է, որ եկել է ժամանակը՝ գործելու, նորարար լինելու և Հայաստանում բիզնես սկսելու: Գրքում ներկայացված 200-ից ավելի օրինակներն այնպիսի ոլորտներից են, ինչիսին են տեղեկատվական տեխնոլոգիաները, տուրիզմը, արտադրությունը, ծառայությունները: Դրանք գրքի ասելիքը դարձնում են ավելի առարկայական:

200 հաջողված բիզնես պատմություններից մեկը վերաբերում է Գնդեվազի կարի արտադրամասին: Կարի արտադրամասի կայացմանն աջակցել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը: «Այդ կարի արտադրամասի կայացմանն օժանդակել ենք փոքրիկ ընտանեկան բիզնեսների աջակցման ծրագրով: Ամուլսարի աշխատանքների համար մեզ պետք էին նմուշարկման տոպրակներ: Դրանք Երևանից պատվիրելու փոխարեն պատվիրեցինք տեղի բնակիչ Վահանին: Նաև ֆինանսապես աջակցեցինք նրան՝ մեծացնելու բիզնեսը: Այժմ նա ունի արդեն 20-ից ավելի մեքենաներ և աշխատակիցներ»,- ասաց ընկերության կայուն զարգացման սոցիալական գործերի գծով մենեջեր Նառա Ղազարյանը:

Ընկերության կրթական ծառայությունների մատուցման, նաև ֆինանսական աջակցության շնորհիվ նախորդ տարի Գնդեվազում սկսել է գործել 24 բիզնես, այս տարի հանքին մոտ գտնվող չորս համայքներում՝ 30 բիզնես: Ընդհանուր առմամբ ստեղծվել են 50-ից ավելի փոքր ընտանեկան բիզնեսներ:

«Լիդիան Արմենիա»-ի նպատակն է  հանքի հարակից համայնքներում՝ Ջերմուկում, Կեչուտում, Գնդեվազում, Սարավանում և Գորայքում զարգացնել տնտեսությունը: «Մենք իրենց դիտարկում ենք ոչ թե որպես շահառու, այլ որպես գործընկեր: Մենք ցանկանում ենք օգտագործել հանքերին մոտ գտնվող համայնքների կրթված աշխատուժը, հանքի աշխատանքների համար այնտեղից գնել անհրաժեշտ ապրանք: Վերջին 10 տարվա ընթացքում բավականին մեծ ներդրում ենք կատարել համայնքային զարգացման ծրագրերում: Նախորդ տարվանից սկսեցինք փոքր բիզնեսի աջակցման պիլոտային ծրագիր երկու համայնքում: Մեկ համայնքում այն իրականացրինք միայն կանանց հետ: Դրա նպատակը բիզնեսում կանանց կրթելն ու աջակցելն է, որպեզի իրենց փոքրիկ բիզնեսներն ընդլայնեն ու դարձնեն օրինական: Բիզնեսի աջակցման ծրագրերը նաև հնարավորություն են ընձեռում այդ մարդկանց պահել համայնքներում»,- շեշտեց Նառա Ղազարյանը: «Լիդիան Արմենիա»-ը  ներդրումներ կատարելու համար առանձնացրել է հիմնականում հետևյալ բնագավառները՝ գյուղական ենթակառույցներ,  տնտեսության զարգացում գյուղատնտեսության, անասնապահության միջոցով, փոքր բիզնեսների խթանում, կրթական ծրագրերի իրականացում՝ նաև առողջապահության իրազեկման մակարդակով: Իրազեկման համար ընտրվում են առողջության առաջնային թեմաներ կամ առողջության հետ կապված այն ռիսկերը, որոնք այս կամ այն կերպով կարող են առնչվել հանքերի գործունեության հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am