Պարուսույց Հրաչյա Կոստանյանին ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ է շնորհվել

Armenpress 11:28, 28 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքում հայ մշակույթի տարածման, պահպանման և հանրահռչակման համար ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նախարարության ոսկե մեդալ շնորհեց ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Վիլինգ քաղաքի բալետի և արվեստի ակադեմիայի պարուսույց Հրաչյա Կոստանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մեդալը հանձնելիս նախարարն ասել է, որ և′ ԛուրախ է, և′ տխուր։ Տխուր, որովհետև արվեստագետն ապրում և ստեղծագործում է Հայաստանից հեռու:

«Ուրախ եմ, քանի որ Հրաչյա Կոստանյանը Հայաստանում ձևավորված իր մասնագիտական կարողություններով կարողացել է այնտեղ հայ երեխաների պարախումբ ստեղծել և իր սաներին փոխանցել ոչ միայն պարարվեստի, այլև հայ մշակույթի արժեքները»,-նշել է Արմեն Ամիրյանը:

Նախարարը հույս է հայտնել, որ Կոստանյանն էլ կհետևի արդեն ձևավորված ավանդույթին և ամառային արձակուրդներին Հայաստան կբերի իր պարախումբը՝ ելույթ ունենալուց բացի, հայրենիքի մշակութային ժառանգությանը ծանոթանալու, Հայաստանի հետ կապն ամրապնդելու համար։

«Առաջիկայում և միշտ ծառայելու եմ մեր մշակույթը քարոզելու, մեր մանուկներին այն փոխանցելու գործին»,- շեշտել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր պարուսույցը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am