Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը

Armenpress 10:28, 27 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի 2016 թվականի այցերին նվիրված լույս են տեսել հատուկ փոստային նամականիշներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նամականիշների շարքում հատուկ տեղ է զբաղեցրել Հայաստան կատարած պատմական այցի վերաբերյալ թողարկված նմուշը:

Նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս պապը, իսկ նրա թիկունքին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է:

Վատիկանի պաշտոնական կայքում նշվում է, որ նամականիշի հեղինակը Դանիելա Լոնգոն է, ով պատկերել է Ծիծեռնակաբերդում Հռոմի պապի աղոթքի պահը:

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապ 2016 թվականի հունիսի 25-ին այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, որտեղ նա հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում Սրբազան Քահանայապետը գրել էր. «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»:

Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am