1000х90.jpg (78 KB)

Հայաստանի Ամերիկյան համալսարանում կիրականացվի ՔՀԿ-ների զարգացման կրթական ծրագիր

Armenpress 19:57, 23 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացմանն ուղղված կրթական հավաստագրային ծրագիր է իրականացվելու բուհում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում։

Ինչպես հաղորդոփւմ է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 22-ին համագործակցության պայմանագիր է կնքվել Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր դոկտոր Ռանդալ Ռոդեսի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի կողմից։

Կրթական նոր ծրագիրն իրականացվելու է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որի նպատակը Հայաստանում քաղհասարակության ձայնը հանրային քննարկումների ժամանակ լսելի դարձնելն է։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարությամբ՝  5 գործընկեր կազմակերպության հետ։

«Սա եզակի իրադարձություն է Հայաստանի համար: Առաջին անգամ ՔՀԿ-ների կարողությունների զարգացման վերաբերյալ կրթական ծրագիր է իրականացվելու բարձրագույն ուսումնական հաստատության՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից։ Այս առթիվ ես շնորհավորում եմ մեր ՔՀԿ ներկայացուցիչներին»,- ասել է Կարեն Զադոյանը։

Այս դասընթացների առանձնահատկությունը կլինի այն, որ դրանք ժամանակավոր բնույթ չեն ունենա և կիրականացվեն նաև ծրագրի ավարտից հետո․ այս մասին ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի ղեկավար Սերգեյ Թանթուշյանը և վստահեցրել, որ այս ծրագրով դասավանդելու են լավագույն մասնագետները։

Կրթական ծրագրի շրջանակներում հանրային քաղաքականությունների մշակման, հանրային բյուջեների ու քաղաքականությունների մշտադիտարկման, կոալիցիաների կառուցման և ՔՀԿ-կառավարություն կառուցողական երկխոսության թեմաներով կուսուցանվեն 120 ՔՀԿ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am