1000х90.jpg (78 KB)

Թուրքիան Գյուլենին արտահանձնելու խնդրով յոթ հարցում է ուղարկել ԱՄՆ

Armenpress 15:27, 23 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Անկարան գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու նոր՝ յոթ հարցում է ուղարկել Միացյալ Նահանգներ, սակայն ԱՄՆ-ն որևէ քայլ այս կապակցությամբ չի ձեռնարկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը:

«Մենք յոթ հարցում ենք ուղարկել ԱՄՆ Գյուլենին արտահանձնելու խնդրով: Չկան այնպիսի փաստաթղթեր, որ այս խնդրի առնչությամբ չենք ուղարկել Միացյալ Նահանգներ: Շարունակելու ենք մեր իրավական պայքարը: Անընդունելի է այն, որ ԱՄՆ-ն իր հովանու ներքո է պահում այն անձին, ով շարունակ սպառնում է Թուրքիային»,- հայտարարել է նախարարը:

Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքները:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am