«Արենին», «Ոսկեհատը» և «Խնդողնին» կդառնան հայկական գինու այցեքարտերը 

Armenpress 13:54, 23 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում խաղողի հայկական տեսակներն ավելի շատ են, քան ներմուծվողները։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և հավելեց, որ պետք է փորձել կուպաժավորել տեղական և ներմուծված սորտերը՝ յուրահատուկ բույր և համ ստանալու համար։  «Մեր շուկայում տեղական տեսակներն ավելի շատ են, քան ներմուծվածները։ Բայց «Արենին», «Ոսկեհատը» և «Խնդողնին» կլինեն հայկական գինու այցեքարտերը։ Հայ  գինեգործները չեն պատրաստվում հրաժարվել հայկական սորտերից, հակառակը՝ դրանով է լինելու մեր ուժեղ կողմը։  Սա չի նշանակում, որ մենք չպետք է փորձենք կուպաժավորել տեղական և ներմուծված սորտերը, որոնք կարող են տալ յուրահատուկ բույր և համ մեր գինուն։ Գինու գործարաններն իրենք կարող են որոշել, թե որն է իրենց համար ավելի ճիշտ և որ գինին ավելի շատ պահանջարկ կունենա»,- նշեց նախարարը։  Նրա խոսքով՝ նոր սորտերը բազմաթիվ են, և բոլորը բերում են գինեգործները, ովքեր առաջարկում են, թե որ տեսակը ինչի հետ է համապատասխան, լաբորատորիաներում խառնում, կուպաժավորում և լավ գինու համ են գտնում։    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am