Երևանում կկայանա Հայաստանի կողմից GRECO-ի հակակոռուպցիոն առաջարկությունների իրականացման հարցերով համաժողով

Armenpress 19:24, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի հակակուռուպցիոն մարմինը` Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO) նոյեմբերի 27-ին Երևանում կմասնակցի Հայաստանի կողմից GRECO-ի վերջին առաջարկությունների իրականացման վերաբերյալ համաժողովին: Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրոպայի խորհրդի հաղորդակցման տնօրինությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Կատարման գնահատման վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ հրապարակվել է 2016թ. փետրվարին, որը հատկապես անդրադառնում է կոռուպցիայի կանխարգելմանը  Ազգային ժողովի անդամների, դատավորների և դատախազների շրջանում: Զեկույցում մասնավորապես նշվում է, որ Հայաստանի դատական իշխանությունը առանձնակի հակված է կոռուպցիայի և որ անհրաժեշտ է ամրապնդել դրա անկախությունը: Զեկույցը մտահոգություն է հայտնում իշխանությունների ոչ-հստակ տարանջատման, Ազգային ժողովի կենսունակության պակասի և հանրությանն առնչվող որոշումների կայացման հարցում անբավարար թափանցիկության վերաբերյալ: GRECO-ն հատկապես առաջարկել է լրամշակել և ավելի արդյունավետ դարձնել Ազգային ժողովի անդամների, դատավորների և դատախազների կողմից նվերներ ընդունելու կանոնները, ինչպես նաև սեփականության վերաբերյալ կանոնավոր կերպով հայտարարագրեր ներկայացնելու, դրանց վերահսկման ու կիրարկման ընթացակարգերը: Առաջարկությունների թվում էին նաև Ազգային ժողովի աշխատանքի թափանցիկության բարելավումը, Ազգային ժողովի անդամների վարքագծի կանոնների ընդունումը և նրանց կողմից բիզնես գործունեություն ծավալելու սահմանափակումների շրջանցումը կանխելը:

Համաժողովը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից: GRECO-ի Գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոն համաժողովի հիմնական բանախոսներից է:

Համաժողովը կազմակերպվում է «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am