ՏՏ սկսնակ քսան ընկերություն hարկային արտոնություններից օգտվելու հավաստագրեր ստացան

Armenpress 11:36, 15 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում անցկացվեց ՏՏ ոլորտի սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնություններից օգտվելու նպատակով հավաստագրման հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Քննարկման էր ներկայացված 20 հայտ: Դիտարկվել է ընկերությունների գրանցման համապատասխանությունը օրենքի պահանջներին, աշխատակիցների քանակը, գործունեության տեսակը: Բոլոր 20 հայտերի քննարկման արդյունքում տրվեց դրական եզրակացություն:

Հարկային արտոնություններով նախատեսվում է այդ ընկերություններին ազատել շահութահարկից և օգտվել եկամտահարկի 10% դրույքաչափից:

Հարկային արտոնություններից օգտվելու համար դիմել կարող են մինչև 30 աշխատակից ունեցող ՏՏ նորաստեղծ ընկերությունները: 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 1-ն է: 

Հարկային արտոնությունների մասին օրենքը գործում է դեռևս 2015 թվականից, մինչ այժմ հավաստագիր ստացել է 295 ընկերություն, որից 136-ը` 2017թ. առաջին ութ ամսվա ընթացքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am