Գյուղացիական տնտեսությունները կապահովագրվեն կարկտահարության, ցրտահարություն, հողմի և ջրհեղեղի ռիսկերից

Armenpress 10:50, 15 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագրի իրականացումը կսկսվի դեկտեմբերից: Ապահովագրական փաթեթը նախնական շրջանում ներառելու է հետեւյալ հիմնական ռիսկերը՝ կարկուտ, ցրտահարություն, հողմ եւ ջրհեղեղ: Գերմանիայի կառավարությունը պատրաստ է 5 միլիոն եվրոյի չափով աջակցել Հայաստանի կառավարությանը: Հայաստանի կառավարությունը ևս հատկացրել է նույնքան գումար՝ գյուղացիական տնտեսությունների ապահովագրավճարը մասնակի սուբսիդավորելու նպատակով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ կենտրոնական բանկից:

«Դեռեւս 2014 թվականից Գերմանական զարգացման բանկի (KfW) հետ համատեղ Հայաստանում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման նպատակով իրականացվում են զգալի աշխատանքներ: Ներկա դրությամբ ակնկալվում է, որ դեկտեմբերին արդեն կսկսվի ծրագրի իրականացման փուլը: Մասնավորապես, ներկայումս ամփոփվում են համաշխարհային առաջատար կազմակերպությունների կողմից ծրագիրը Հայաստանում իրականացնելու նպատակով խորհրդատու կազմակերպության և վերաապահովագրող ընկերության ընտրման միջազգային մրցույթները»,-տեղեկացրին ԿԲ-ից:

Գյուղատնտեսությունը Հայաստանում 2016 թ. դրությամբ կազմել է համախառն ներքին արդյունքի մոտ 16%-ը, իսկ այդ ոլորտում զբաղվածների թիվը՝ տնտեսապես ակտիվ բնակչության 34%-ը, ինչը նշանակում է, որ տնտեսական զարգացման համար գյուղատնտեսության ոլորտը կարևորագույններից է: Այնուամենայնիվ, չնայած երկրի համար դրա կարեւոր դերակատարությանը, գյուղատնտեսական արտադրողականության ներուժն ավելի մեծ է, քան իրական արտադրանքի ծավալը։ Կարևոր պատճառներից է ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգերի բացակայությունը, այդ թվում նաև գյուղատնտեսական ապահովագրության բացակայությունը, որը կարող էր պաշտպանել գյուղացիական տնտեսություններին տեղական եղանակային ռիսկերից՝ կարկտահարություն, հեղեղներ, ցրտահարություն և այլն: Վարկ վերցնելը եւ սպառումը կրճատելն այն ընդունված ռազմավարություններն են, որոնց դիմում են եղանակով պայմանավորված կորստի հաղթահարման համար։ Սրա արդյունքում իջնում է կենսամակարդակը, մեծանում է գյուղացիական տնտեսությունների խոցելիությունը եւ աճում են նրանց ունեցած պարտքերի ծավալները։ Գյուղացիական տնտեսություները ներկայումս շարունակում են լուրջ կորուստներ ունենալ անակնկալ եղանակային պայմանների պատճառով: 

Գյուղատնտեսական ապահովագրության ներդրումը կնվազեցնի գյուղացիական տնտեսությունների, այդ թվում փոքր եւ միջին տնտեսությունների, ծայրահեղ եղանակային պայմաններով պայմանավորված խոցելիության մակարդակը, կնպաստի գյուղատնտեսական վարկերի հասանելիությանը և գյուղատնտեսության ոլորտում ներդրումների աճին:

«Առաջին փուլում ապահովագրությունը նախատեսվում է սկսել բուսաբուծության ճյուղից: Հետեւաբար, ապահովագրական փաթեթը նախնական շրջանում ներառելու է Հայաստանում առկա հետեւյալ հիմնական ռիսկերը՝ կարկուտ, ցրտահարություն, հողմ եւ ջրհեղեղ, հետագայում սպասվում է, որ ռիսկերի մեջ կներառվի երաշտը: Այն դեպքերում, երբ բերքը վնասվի այլ պատճառներով (օրինակ` գյուղացիական տնտեսության աշխատանքի ոչ ճիշտ կազմակերպման) գումարը չի հատուցվի: Առաջին փուլում նախատեսվում է ներառել փաթեթներում հետեւյալ 10 բերքատեսակները՝ ցորեն, կարտոֆիլ, խաղող, ծիրան, խնձոր, լոլիկ, սեխ, գարի, դեղձ եւ կաղամբ: Նախատեսվում է իրականացնել ծրագիրը պիլոտային տարբերակով 2 տարի, ինչի արդյունքում պարզ կդառնա, թե ինչ սկզբունքով կիրականացվի ապահովագրությունը: Խորհրդատու կազմակերպության օգնությամբ կառաջարկվեն եւ կփորձարկվեն Հայաստանում առավել արդյունավետ տարբերակները: Գյուղատնտեսական վարկերի ապահովագրություն՝ որպես ձեռնարկատիրական ռիսկի ապահովագրում չի սպասվում»,-տեղեկացրին ԿԲ-ից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am