ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելը Հայաստանում գնաճի վրա կունենա 1 տոկոսից պակաս ազդեցություն. ԿԲ նախագահ

Armenpress 16:50, 14 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը գործողության մեջ դնելը Հայաստանում գնաճի վրա կունենա 1 տոկոսից պակաս ազդեցություն: Ազգային ժողովում «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին:

«Մենք արել ենք հաշվարկները և ունենք արդյունքներ, թե որքան կլինի ազդեցությունը գնաճի վրա Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո: Մեր հաշվարկներով մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո գնաճի վրա ազդեցությունը տուրքերի մասով կլինի 0.41 տոկոս, մյուս մասերով՝ 0.5 տոկոս: Ընդհանուր առմամբ ազդեցությունը 1 տոկոսից պակաս է լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ջավադյանը:

Նա նաև ներկայացրեց, որ այս պահին Հայաստանում առկա գնաճը 1.2 տոկոս է: Նա նշեց, որ թանկացումներ են նկատվում մսամթերքի և կարագի շուկայում, սակայն հավելեց, որ միևնույն ժամանակ որոշ ապրանքներ գներ նվազել են: «Մսամթերքի և կարագի թանկացման վերաբերյալ որոշ պարզաբանումներ պատկան մարմինների կողմից հնչել են, սակայն նկատենք, որ այս ընթացքում մենք ունեցել ենք բանջարեղենի, մրգերի, ծառայությունների գների նվազում»,- ասաց ՀՀ ԿԲ նախագահը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am