ԿԲ-ն այսուհետ դրամավարկային քաղաքականության զեկույցը ներկայացնելու է առաջիկա 3 տարիների համար

Armenpress 16:18, 14 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովը քննարկում է «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը: Հիմնական զեկուցող, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդգծեց, որ փոփոխությունների նպատակն առկա կարգավորումները նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելն է: Մասնավորապես, առաջարկվող նախագծում ֆինանսական կայունության ապահովումը Սահմանադրության պահանջով դրվել է որպես հիմնական նպատակ: Կենտրոնական բանկի կառավարման մարմինների նշանակման կարգն ու պայմանները համապատասխանեցվել են Սահմանադրության նոր պահանջներին: Մրցակցության և վիճակագրության ոլորտներում պետական մարմինների հետ համագործակցության սկզբունքները հստակեցվել և համապատասխանեցվել են Սահմանադրության պահանջներին: Բարեփոխվել են ներքին աուդիտի կարգավորումները՝ դրանք  համապատասխանեցնելով աուդիտի միջազգային լավագույն չափանիշներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ջավադյանը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրն այսուհետ ներկայացնել առաջիկա 12 եռամսյակների համար, ոչ թե 12 ամսվա համար, ինչն առավել կանխատեսելի և հասկանալի է դարձնում ԿԲ գործունեությունը՝ դրամավարկային քաղաքականության իրականացնելիս: «Սա նշանակում է նաև Կենտրոնական բանկի պատասխանատվության  ավելացում, որովհետև մենք այսուհետ մեր զեկույցներում պետք է ներկայացնեն առաջիկա երեք տարիների համար դրամավարկային քաղաքականության սկզբունքները»,- եզրափակեց ՀՀ ԿԲ նախագահը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am