Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Քրիստոֆ Ֆրասային

Armenpress 14:10, 13 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 13-ին ընդունեց Ֆրանսիայի Սենատում՝ արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ Քրիստոֆ Ֆրասային։Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց խորհրդարանականների ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում։

Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների օրենսդիր մարմինների միջև հաստատված ամուր փոխգործակցությանը՝ այդ թվում միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման, խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեության, ինչպես նաև` տարածաշրջանային և միջազգային կարևորության խնդիրների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանն ու Քրիստոֆ Ֆրասան քննարկեցին 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ֆրանսիացի սենատորին ներկայացրեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am