ԱՄՆ Ինդիանա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քարոզչական և բարոյական օգուտ է. Հարութ Սասունյան

Armenpress 13:31, 7 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ինդիանա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քարոզչական և բարոյական օգուտ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

«ԱՄՆ-ի Սահմանադրության համաձայն` նահանգները չեն կարող երկրի արտաքին հարաբերությունների գործընթացին միջամտել: Հետևաբար, այս ոլորտի թեմաներում նրանք իրավունք չունեն խառնվելու և նահանգների որոշումները չեն կարող ազդել Վաշինգտոնի որոշումների վրա, սակայն նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քարոզչական նշանակություն ունի, օգտակար կարող է լինել այդ տեսանկյունից»,-ասաց Հարութ Սասունյանը:

Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդը վաղուց անցել է ցեղասպանության ճանաչման փուլը: «Եթե ուզում ենք մեր դատն առաջ տանել, պետք է դիմել միջազգային դատարան` Թուրքիայից պահանջելով մեր ազգային իրավունքների վերականգնումը, որոնք մեզնից խլվել էին ցեղասպանության ընթացքում»,-ավելացրեց Հարութ Սասունյանը:

Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիկ Հոլքոմբը հատուկ հայտարարություն է ընդունել, որով հիշատակում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հույների, ասորիների և սիրիացիների համակարգված ոչնչացումը: Նահանգապետ Հոլքոմբը կոչ է արել Ինդիանայի քաղաքացիներին հիշատակել այդ իրադարձությունը, իսկ նոյեմբերի 6-12-ը հայտարարել է հայկական հարցերի շուրջ տեղեկացվածության շաբաթ: Նահանգապետի հայտարարությունը ողջունել են ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, Իրաքի քրիստոնյաների խորհուրդը և այլ հասարակական կազմակերպություններ: Այսպիսով, Ինդիանան դարձավ ԱՄՆ 48-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ նահանգներից միայն Ալաբաման և Միսիսիպին են, որ դեռևս պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am