Լի Կեցյանը և Բիլ Գեյթսը նախատեսել են ընդլայնել համագործակցությունը ատոմային էներգիայի շուրջ
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կառավարության ղեկավար Լի Կեցյանը և ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսը քննարկել են նոր տեսակի ատոմային էներգիայի զարգացման խոստումնալից ուղղությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չինաստանը և Միացյալ Նահանգները հաջող համագործակցություն են իրականացրել նոր սերնդի ատոմային տեխնոլոգիաների ոլորտում: Երկու երկրների ընկերությունները ստեղծել են համատեղ ձեռնարկություններ, հավասար բաժանել են ակցիաների փաթեթեները: Մենք պայմանավորվել ենք նաև մտավոր սեփականության փոխանակման շուրջ: Սրանք առաջին քայլերն են առաջադեմ տեխնոլոգիաների համագործակցության ուղղությամբ», - ասել է Լի Կեցյանը:
Բիլ Գեյթսն իր հերթին ասել է, որ ատոմային էներգիայի նոր ուղղությունները և համապատասխան տեխնոլոգիաների զարգացումը վճռորոշ դեր է խաղալու ապագա սերունդների համար:
Միևնույն ժամանակ, միլիարդատերը հիշեցրել է բնության պահպանության և ԱԷԿ-ի անվտանգ շահագործման անհրաժեշտությունը:
Գեյթսն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մեծապես կարևորում են չինական ընկերությունների հետ համագործակցությունը այս ոլորտում և հուսով են, որ նման համագործակցությունը գործնականում կբերի գերազանց արդյունքների: