Մանկական բեսթսելեր 4/21. «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը մանուկների նախընտրածներից է

Armenpress 09:17, 1 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:

Քնելուց առաջ հեքիաթներ լսել սիրում են բոլոր փոքրիկները: Առաջին հորիզոնականում է «Հեքիաթներ քնելուց առաջ» ժողովածուն: Այն  ներառում է պարտադիր ընթերցանության յուրահատուկ հեքիաթներ:

Մեր ցանկ է վերադարձել և երկրորդ հորիզոնականը զբաղեցրել «Շաղգամը» գիրք-փազլը: Հեքիաթի առանցքում համատեղ ուժերով նպատակին հասնելու գաղափարն է: Շաղգամը հողից հանելու համար պապիկին օգնության հասած թոռնիկին են միանում շունը, կատուն, անգամ մուկը:

Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը մեկ հորիզոնականով զիջել են իրենց դիրքերը և երրորդն են: Անդերսենյան գործերը քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Առաջինից չորրորդ հորիզոնական են հասել Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը: Թումանյանի  ստեղծագործությունները, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք միշտ պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են կարդում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Հինգերորդ տեղում «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» գիրքն է: Գրքում ներկայացված են Արթուր Կոնան Դոյլի՝ շատերի կողմից սիրված հերոս Շերլոկ Հոլմսի զանազան արկածները:

Ջ. Ռոուլինգի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գիրքը կրկին մեր ցանկում է: Այն զբաղեցրել է վեցերորդ տեղը: Առաջին անգամ այն լույս է տեսել 20 տարի առաջ: Վեպի հիման վրա 2001 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը, որը մեծ աղմուկ է բարձրացրել ու արժանացել և՛ փոքրիկների, և՛ մեծահասակների ուշադրությանը:

Յոթերորդ հորիզոնականում է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը: Այն Վաչագանի և Անահիտի սիրո, խիզախության, աշխատասիրության, նվիրվածության մասին է: Հեքիաթի մոտիվներով նաև մուլտֆիլմ է նկարահանվել:

«Հայ ժողովրդական հեքիաթներ»-ն այս անգամ ութերորդն է: Գրքում ներկայացված են հեքիաթներ, որոնք չափազանց հետաքրքիր են և դաստիարակչական նշանակություն ունեն:

Իններորդ տեղում է Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» հանրահայտ ստեղծագործությունը: Լուիս Քերոլն ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր ըստ իրենց են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը: 

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Լուիս Քերոլի «Ալիսը հայելու աշխարհում» գիրքը:    Այն  «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի շարունակությունն է: Քերոլի ստեղծած Ալիսը նվաճել է ոչ միայն անգլիացի, այլև աշխարհի տարբեր անկյուններում ապրող ընթերցողների սերն ու համակրանքը: Հայելու աշխարհում Ալիսը հայտնվում է հակոտնյա երևույթների լաբիրինթում: Հանդիպելով շախմատային սպիտակ թագուհուն` ինքն էլ է ցանկանում դառնալ թագուհի, իսկ դրա հնարավորությունն ունի յուրաքանչյուր զինվոր, եթե միայն անվտանգ հաղթահարի բոլոր փորձությունները ու հասնի շախմատի մյուս ծայրին գտնվող 8-րդ վանդակին… շախմատի վանդակները տարօրինակ աշխարհներ են, որտեղ ապրում են խոսող ծաղիկներ, գուլպաներ գործող այծ, Պստլիկ Հաստլիկը, անվերջանալի բանաստեղծություններ արտասանող Չըրխկն ու Դըրխկը, Միաեղջյուրը և շատ ու շատ ուրիշներ:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Գիրք Հրատ. Քանակ 1 «Հեքիաթներ քնելուց առաջ» Բուկինիստ 68 2 «Շաղգամը» գիրք փազլ Բուկինիստ 59 3 Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» Արևիկ 31 4 Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» Արևիկ 25 5 «Երեք պատմվածք Շերլոկ Հոլմսի արկածներից» Անդրանիկ 24 6 Ջ. Ռոուլինգ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» Զանգակ 19 7 Ղազարոս Աղայան «Անահիտ» Արևիկ 14 8 «Հայ ժողովրդական հեքիաթներ» Արևիկ 12 9 Քերոլ Լուիս «Ալիսը հրաշքների աշխարհում» Զանգակ 11 10 Քերոլ Լուիս «Ալիսը հայելու աշխարհում» Զանգակ 10

«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am