Գերմանիայում ՀՀ դեսպանությունը Ռեֆորմացիայի 500-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպել

Armenpress 12:46, 24 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության և ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի Պոտսդամ քաղաքի իշխանությունների նախաձեռնությամբ Ռեֆորմացիայի 500-ամյակի շրջանակներում Պոտսդամի Սուրբ Նիկոլայ եկեղեցում հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որտեղ հոգևոր և աշխարհիկ երգացանկով հանդես եկավ «Գեղարդ» երգչախումբը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Համերգին բացման խոսքով հանդես եկավ Բրանդենբուրգ երկրամասի մշակութային նախաձեռնությունների խորհրդի փոխնախագահ Թ. Յանսը: Ներկաներին ողջունեցին Պոտսդամի քաղաքապետ Յան Յակոբսը և ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը՝ ընդգծելով դրանց դերը հայ հոգևոր-մշակութային ժառանգությունն ամբողջ աշխարհում տարածելու գործում:

Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ՀԱԵ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը, ՀԱԵ Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, ԳԴՀ-ում ՀՀ ռազմական կցորդ գնդապետ Մեսրոպ Նազարյանը, հոգևոր հայրեր, հայ համայնքի, քաղաքային իշխանության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

«Գեղարդ» երգչախմբի երգացանկը ներառում էր 5-15-րդ դարերի հայկական հոգևոր և աշխարհիկ երգեր, ինչպես նաև հայ և եվրոպական դասական ու ժամանակակից երգահանների ստեղծագործություններ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am