Սպասվող լրահոս. 23.10.2017

Armenpress 09:03, 23 Հոկտեմբեր, 2017

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` հոկտեմբերի 23-ին, կբացվի  «Նորարարությունների կառավարում» III միջազգային երիտասարդական գիտական դպրոցը: Այն կազմակերպում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն»-ը, «Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիա»-ն և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, ինչպես նաև ԱՊՀ նանոտեխնոլոգիաների միջազգային ինովացիոն կենտրոնի տնօրենները:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն (FAST) առաջարկում է կրթաթոշակային ծրագիր:  Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյան և ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնեն մանրամասներ կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, ՀՀ բնապահպանության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը հրավիրում են մասնակցելու «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» տեղեկատվական արշավին: Այսօր` միջոցառման մեկնարկին նվիրված բրիֆինգին, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը և Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Վարդան Գաբրիելյանը կներկայացնեն «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» արշավի ծրագիրը:

Հասարակական դաշտը քննարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի դրական և բացասական կողմերը: Այս անգամ թեմայի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն փաստաբան Նորայր Նորիկյանը և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ավագ դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Սուրեն Էյրամջյանը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կմեկնարկի «Վարչական շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգ և աղտոտիչների թունավորության գնահատում» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի հիմնական նպատակն է շրջակա միջավայրի մոնիթորինգի, պահպանման, ինչպես նաև աղտոտիչների բացահայտման և վերահսկման խնդիրների վերաբերյալ ժամանակակից մեթոդների, եղանակների ներկայացումն ու քննարկումը:

Մատենադարանի շենքում կմարվի և շրջանառության մեջ կդրվի մեկ նամականիշ՝ նվիրված «Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ»-ին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am