1000х90.jpg (78 KB)

ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցը համալրվել է Հայաստանում եւ տարածաշրջանում եզակի գերժամանակակից էխոսրտագրական սարքով

Armenpress 10:42, 19 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի և մարզերի բնակչությունը հնարավորություն կունենա օգտվել էխոսրտագրության ոլորտի գերհզոր ժամանակակից սարքի հնարավորություններից:  ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկան համալրվել է «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության Vivid E9 մակնիշի սրտանոթային էխոսրտագրական սկաներով, որը հատուկ նախագծված է 4D հետազոտությունների համար:

«Արմենպրեսի»-ի հետ զրույցում Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Համայակ Սիսակյանը նշեց, որ ԵՊԲՀ-ի կողմից ձեռք բերված այս սարքը միանգամայն նոր խոսք է էխոսրտագրության ոլորտում ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում:

«Ուլտրաձայնային այս ամենաժամանակակից սարքը հյուսվածքային դոպլեր հետազոտությամբ երկտարածական, ինչպես նաև եռատարածական և քառատարածական էխոսրտագրություն կատարելու հնարավորություն է տալիս: Ինչպես նաև լայն հնարավորություն՝ գնահատելու սրտի ֆունկցիան, փականային ապարատը, սրտամկանի ֆունկցիայի նույնիսկ նուրբ, ամենաաննշան փոփոխությունները, ինչը  նախկին էխոսրտագրական մեթոդներով հնարավոր չէր որոշել»,- հանգամանալից պատմեց կլինիկայի ղեկավարը:

Հիվանդին զննելիս էկրանին երևում է սրտամկանի բոլոր հատվածների կծկողականությունը հստակ թվայնացված տարբերակով:  Բժշկի՝ հիվանդին զննելու անցավ գործընթացին կարող է հետևել նաև ինքը՝ պացիենտը՝ էկրանին տեսնելով նույն պատկերները:

Համայակ Սիսակյանի խոսքով՝ վերջին սերնդի այս սարքը ոչ միայն հարմար է, այլև անվտանգ: Այն ապահովում է սրտի ախտորոշման համար անհրաժեշտ մեծ ծավալի տեղեկատվություն:

Սրտանոթային էխոսրտագրական ժամանակից սարքը նաև մատչելի է բնակչության համար, կախված ծառայության տեսակից արժեքը տատանվում է 15 000-20 000 ՀՀ դրամի միջակայքում:

Vivid E9-ը հասցրել է գրավել նաև էխոսրտագրության ոլորտի մասնագետների և ուսանողների ուշադրությունը: Հանրապետության սրտաբանների կեսից ավելին էխոսրտագրություն մասնագիտությամբ վերապատրաստվում են  հենց այս համալսարանական հիվանդանոցում և «Թոմաս Ջեֆերսոն» ուլտրաձայնային ուսումնական կենտրոնում, հետևաբար իրենց համար ևս այս նոր սարքի կիրառումը որակավորման բարձրացման, մասնագիտական գիտելիքների ընդլայնման նոր նշաձող է:

Համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկան տարածաշրջանում սիրտ-անոթային ախտորոշման ոլորտի առաջատարներից է:

Առհասարակ, համալսարանական կլինիկայում իրականացվում են սիրտ-անոթային համակարգի ախտորոշման բոլոր նորագույն մեթոդները՝  սկսած հեռահար մոնիտորինգի համակարգից, սթրես-էխոսրտագրությունից, եռատարածական և քառատարածական, «սփեքլ թրաքինգ» էխոսրտագրություններից մինչև սրտի և անոթների մագնիսառեզոնանսային և համակարգչային տոմոգրաֆիկ  հետազոտություններ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am