1000х90.jpg (78 KB)

Արցախում վերջին տարիներին ավելացել է հետազոտվող հուշարձանների քանակը

Armenpress 17:57, 17 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներկայումս հաշվառված է շուրջ չորս հազար հուշարձան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, Արցախի Հանրապետության մշակույթի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը կարեւորում է Արցախի տարածքում հուշարձանների մանրամասն և օբյեկտիվ հետազոտությունը:

Այդ նկատառումներից ելնելով վերջին տարիներին ավելացել է հետազոտվող հուշարձանների քանակը:. Արցախում պեղումների առումով բավական հագեցած էր 2017 թվականը։ Ուսումնասիրվել է ինը հուշարձան՝  Տիգրանակերտը, Ծմակահողի Սբ. Ստեփանոսի դամբարանը, Դադիվանքը ( այս երեք հուշարձաններում աշխատել է Տիգրանակերտի հնագիտական արշավախումբը՝ պ.գ.դ., պրոֆ. Հ. Պետրոսյանի ղեկավարությամբ), Քարինտակի Ալեքսանա Ղուզե քարանձավը (արշավախմբի ղեկավար պ.գ.դ., պրոֆ. Լ. Եպիսկոպոսյան), Միրիկ գյուղի ամրոցը (Քաշաթաղի շրջան, արշավախմբի ղեկավար պ.գ.դ., պրոֆ. Հ. Ավետիսյան), ինչպես նաև Շուշիի Վերին Մզկիթը, Շուշիի Մեղրեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, Քարագլուխ գյուղի գերեզմանատունը (Հադրութի շրջան) և Տող գյուղի Սբ. Հովհաննես եկեղեցին (վերջին չորս հուշարձաններում աշխատել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» արշավախումբը՝ պ.գ.թ. Ն. Երանյանի ղեկավարությամբ):

Պեղվող հուշարձաններն ընդգրկում են Արցախի գրեթե  ամբողջ տարածքը և վերաբերում են տարբեր ժամանակաշրջանների։  Վերջին տարիներին մշակութային ժառանգության նկատմամբ աճել է նաև Արցախի բնակչության հետաքրքրությունը, այսօր նրանք ավելի շատ տեղեկություն ունեն հայրենի հուշարձանների մասին։ Վերը նշված հուշարձանների պեղումներից բացի որոշ հետախուզական աշխատանքներ են տարվել նաև տարբեր քաղաքացիների կողմից պատահական հայտնաբերված գտածոների տարածքներում։

«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ պեղումների զգալի մասն իրականացվել է մասնավոր ներդրողների միջոցներով, ինչը փաստում է, որ Արցախում մշակութային ժառանգության նկատմամբ հոգատարությունն ավելացել է: Տարին դեռ չի ավարտվել, և հնագիտական հետազոտությունները Արցախում գուցե շարունակվեն»,- ասել է Նժդեհ Երանյանը։  Նա նաև տեղեկացրել է, որ մինչև  այժմ  պեղված հուշարձանները ներառում են քարի դարից մինչև միջնադարն ընդգրկող ժամանակահատվածը։

 Արցախում իրականացվող հնագիտական պեղումներին  մասնակցում են նաև    (Տիգրանակերտի տարածք) ԵՊՀ-ի մշակութաբանության ամբիոնի ուսանողները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am