Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի նոր մասնաշենքը

Armenpress 17:57, 17 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, օլիմպիական չեմպիոն և աշխարհի եռակի չեմպիոն, Երևանի պատվավոր քաղաքացի Արթուր Ալեքսանյանը և այլոք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում կյանքի կոչված ծրագրով երեխաների մարզումների համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է մարզական կառույցում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Նորակառույց մարզական օջախն ապահովված է ըմբշամարտի նոր մարզադահլիճով, ինչը, պատասխանատուների հավաստմամբ, հնարավորություն կտա զգալիորեն ավելացնելու մարզադպրոց հաճախող երեխաների թիվը:

Հարկ է նշել, որ Երևանի Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոցն իրականացնում է ուսումնամարզական գործընթաց հունահռոմեական ոճի ըմբշամարտ և ձյուդո մարզաձևերից, մարզադպրոցում գործում է 28 խումբ՝ 284 մարզիկով, որոնցից 6-ը, ի դեպ, ընդգրկված է Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում:  Մարզադպրոցի տնօրեն Մինաս Մարգարյանը նշել է, որ մարզիկներից շատերը 2016-2017թթ.  հաղթել են միջազգային մի շարք մրցաշարերում:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է Երևանում մարզական կյանքի աշխուժացմանն ուղղված ծրագրերը՝ ընդգծելով, որ քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցների հիմնանորոգման ծրագրերը, տարբեր մարզաձևեր զարգացնելուց և տարածելուց բացի, նպատակ ունեն նպաստելու նաև հանրության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը: Քաղաքապետը նաև համոզմունք է հայտնել, որ մարզադպրոցի նոր մասնաշենքում ստեղծված հարմարավետ պայմանները հերթին հնարավորություն կտան մարզիկներին գրանցելու մարզական նորանոր ձեռքբերումներ:

«Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, և վերջին տարիներին մարզական այդ օջախների պայմանների բարելավման ուղղությամբ զգալի ծրագրեր ենք իրականացնում: Հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ մենք նաև գույքի թարմացման խնդիր ենք դրել ու համայնքային բյուջեում այդ մասով ևս միջոցներ ենք նախատեսել: Եվ վստահեցնում եմ, որ այս ծրագիրը նույնպես կլինի շարունակական այնքան ժամանակ, մինչև լիարժեք լուծենք մարզադպրոցների թե՛ հիմնանորոգման և թե՛ մարզական գույքով համալրման խնդիրը: Արդյունքում կունենանք ամբողջությամբ հիմնանորոգված, ջեռուցմամբ ապահովված ու կահավորված մարզադպրոցներ: Առանձնակի կարևոր է, երբ մեր այս նախաձեռնություններին իր մասնակացությունն է ունենում նաև մասնավոր հատվածը, ինչն իսկապես կարևոր քայլ է համատեղ ուժերով նախանշված բոլոր ծրագրերն ավարտին հասցնելու համար», - ընդգծել է քաղաքապետը՝ համոզմունք հայտնելով, որ դրա արդյունքները շոշափելի կդառնան ոչ ուշ ապագայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am