Դեբորա Գրիզերը դրական է գնահատում կոռուպցիայի դեմ ՀՀ կառավարության քայլերը

Armenpress 20:05, 12 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը  ընթացիկ տարվա համար ստանալու է 17 մլն դոլարի ֆինանսավորում Հայաստանում ծրագրեր իրականացնելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի եւ ԱՄՆ միջազգային գործակալության 25-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց  գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը՝ հավելելով, որ  միջոցներն ուղղվելու են զբոսաշրջության զարգացմանը, էներգետիկ ոլորտին, ժողովրդավարական բլոկին առնչվող ծրագրերին:

Լրագրողների հարցին, թե արդյոք Հայաստանին այդքան օժանդակություն ցուցաբերելով հանդերձ  նա չունի մտավախություն, որ դրանք  չեն ծառայելու իրենց նպատակին, Դեբորա Գրիզերը պատասխանեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանը կատարում է քայլեր, որոնք թեպետ փոքր, սակայն ճիշտ ուղղությամբ  են:

Գործակալության հայաստանյան առաքելության տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ մոտակա ժամանակահատվածում  նա եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նախատեսում են հանդիպում ունենալ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի  հետ՝ քննարկելու ՀՀ կառավարության հակակոռուպցիոն գործողությունները:

 «Մենք՝ որպես միջազգային զարգացման գործակալություն, չենք ցանկանում առաջատար դիրք գրավել այդ աշխատանքների կատարման հարցում, այլ ցանկանում ենք օժանդակել ՀՀ կառավարության նախաձեռնություններին»,-եզրափակեց Դեբորա Գրիզերը՝ հավելելով, որ  այժմ դեռեւս քննարկման փուլում է այն հարցը,  թե ինչ նպատակների կարող են ուղղել գործակալության կողմից  հատկացվելիք 800 հազար դոլարը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am