Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Armenpress 17:26, 12 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, իսկ ֆիննական կողմից՝ Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Մայմո Հենրիկսոնը։ 

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով քաղաքական խորհրդակցություններ և բարձրաստիճան այցեր պարբերաբար անցկացնելու կարևորությունը:

Երկու երկրների պատվիրակություններն անդրադարձել են նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերին, մտքեր փոխանակել ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու վերաբերյալ։

Նույն օրը Ֆինլանդիայի պատվիրակությանն ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ս.թ. նոյեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովին առնչվող հարցերին։

Ֆիննական կողմի խնդրանքով փոխնախարար Նազարյանը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am