«Ալյանս» ազատ տնտեսական գոտում կառավարության աջակցությամբ կստեղծվեն նոր աշխատատեղեր

Armenpress 16:52, 12 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշումներով «Էյ Բի Էնջինիրինգ» և «ԱԱ Թրաքս» ՍՊԸ-ներին տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ «Էյ Բի Էնջինիրինգ» ընկերությունը նախատեսում է կազմակերպել բազմաֆունկցիոնալ ցանցային սարքերի նախագծում, համապատասխան ծրագրային ապահովության նախապատրաստում, ինչպես նաև առանձին բաղկացուցիչ մասերից պատրաստի արտադրանքի հավաքում: «2018թ-ին արտահանման ծավալները կկազմեն միջինում 0,8 մլն ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում` 3-4 մլն դոլար: Արտահանման ուղղությունները կլինեն ԵՄ, ԱՄՆ, Ասիական երկրները։ Ներդրումը կկազմի շուրջ 2,8 մլն դոլար, առաջին տարում կստեղծվի 5 նոր աշխատատեղ` 190 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 25 նոր աշխատատեղ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Ըստ նրա, «ԱԱ Թրաքս»-ը կկազմակերպի նորարարական տեխնոլոգիաներով բազմաֆունկցիոնալ բեռնատար ավտոմեքենաների արտադրություն: Նախատեսված է, որ արտահանման ծավալները ծրագրի 5-րդ տարում կկազմեն 25 մլն դոլար: Արտահանման ուղղություններն են՝ ԵԱՏՄ երկրներ, Իրան, Վրաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի երկրներ: Ծրագրի շրջանակում ներդրումը կկազմի մոտ 40 մլն դոլար, առաջին երկու տարում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 150 000 դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 1000-ից ավելի նոր աշխատատեղ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am