Վարչապետը հանձնարարեց այլընտրանքային էներգիա առաջարկել սահմանամերձ բնակավայրերին  

Armenpress 15:13, 12 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը համայնքներին կնվիրաբերի 6 միլիարդ դրամ արժողությամբ գույք: «Դա 15 համայնքներին փոխանցվող գույք է՝ գազատար և ոռոգման համակարգեր: Նախադեպը շատ լավն է, որովհետև մենք այսպիսի խոշորածավալ ակտիվ կապիտալ չենք փոխանցել համայնքներին: Սրանով մենք համայնքների համար կարող ենք սկիզբ դնել լուրջ ֆինանսական գործընթացի՝ համայնքային վարկավորմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Անդրադառնալով սահմանամերձ համայնքներում գազի հասանելիության ներքին չլուծված խնդրին` հատկապես Կոթի, Ոսկևան, Ոսկեպար համայնքների համար, նախարարը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին խնդրեց լուծումներ գտնել:

Այնուհետև վարչապետ Կարեն Կարապետյանը, դիմելով վերջինիս, ասաց, որ  սահմանամերձ բնակավայրերի համար պետք է սահմանել հատուկ ռեժիմ, որպեսզի այն բնակավայրերը, որոնց մոտ գազիֆիկացումն անտրամաբանական ծախսերի հետ է կապված, առաջարկվի այլընտրանքային էներգիա: «Խնդրում եմ քննարկել բոլոր տարբերակները, եթե գազի խնդիրը շատ չի տարբերվում ծախսի առումով, ապա խնդրենք «Գազպրոմ-Արմենիա»-ին, որ այս բնակավայրերի համար հատուկ ռեժիմ սահմանի»,- ասաց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am