1000х90.jpg (78 KB)

Հայոց ցեղասպանության բանաձևին աջակցող կոնգրեսականների թիվն անցել է 100-ը

Armenpress 14:53, 7 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 220 բանաձևին աջակցող կոնգրեսականների թիվն անցել է 100-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն այս փաստը պայմանավորում է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» ֆիլմի արձանագրած հաջողություններով, «Ուրացման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի հանրային ցուցադրությամբ և ամռան ընթացքում կոնգրեսականների հետ իրականացված շփումներով:  

Այս աշխատանքում հատկանշական քայլեր են իրականացրել նաև ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփայերն ու Դեյվիդ Թրաթը:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը դրական է գնահատել հատկապես այն իրողությունը, որ Ներկայացուցիչների պալատի հանրապետական և դեմոկրատ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները բանաձևին աջակցողների շարքում  են:

Բանաձևին աջակցողների թիվն ընդլայնելու նպատակով Հայ Դատի Ամերիկայի արևելյան ու արևմտյան ափերի հանձնախմբերի ներկայացուցիչներն ավելի քան 200 հանդիպումներ են ունեցել կոնգրեսականների ու նրանց ներկայացուցիչների հետ:  

Ներկայացուցիչների պալատ ներկայացված թիվ 220 բանաձևի համահեղինակներն են Դեյվիդ Թրաթը և Ադամ Շիֆը, իսկ դրան զուգահեռ Սենատին է ներկայացվել նաև թիվ 136 բանաձևը Ռոբերտ Մենենդեսի կողմից, որին աջակցել են Էդ Կրուզը, Թամ Ուտալը և Էդ Մարքին:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am