1000х90.jpg (78 KB)

ՀՀ Նախագահը ներկա է գտնվել «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շնորհանդեսին

Armenpress 21:40, 26 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը սեպտեմբերի 26-ի երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում ներկա են գտնվել «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շնորհանդեսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, միջոցառման շրջանակներում ներկայացվել են «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից վերջին շրջանի հրատարակությունները՝ Մակար Եկմալյանի «Պատարագի» ամբողջացված վերահրատարակությունը` լատինատառ տառադարձությամբ (տրանսլիտերացիայով) և հայ եկեղեցու երաժշտածիսական կարևորագույն մատյաններից մեկը` «Ժամագիրքը», որն առաջին անգամ է լույս տեսնում եվրոպական նոտագրությամբ և տպագրության միջազգային չափանիշներին համապատասխան: Երկու մատյաններն էլ հրատարակվել են երաժշտագիտական նախաբաններով, վերլուծություններով և բացատրություններով` հայերեն և անգլերեն: «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Արթուր Ջանիբեկյանը ներկայացրել է «Հայկական ազգային երաժշտական գանձատուփը»՝ շարժական նվագարկիչը, որպես «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի խորհրդանիշ, որտեղ զետեղված են հիմնադրամի կողմից ձայնագրված և թվայնացված 500-ից ավելի ժողովրդական, հոգևոր և աշուղական երաժշտական նմուշներ: Արթուր Ջանիբեկյանը «Հայկական ազգային երաժշտական գանձատուփ»-ի առաջին նմուշը ընծայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:Իրականացված հսկայածավալ աշխատանքը, որ եղել է Կոմիտաս Վարդապետի կյանքի երազանքը, նրա ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, որպես նվեր է մատուցվել մեծ Վարդապետի հիշատակին:Երեկոյի ընթացքում ցուցադրվել է ֆիլմ` հայ ավանդական երաժշտության և «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի ծավալած գործունեության մասին:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքից հետո շնորհանդեսն ավարտվել է Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ և Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ «Ժամագրքից» և «Պատարագից» հատվածների ներկայացմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am