Ընդգծվել է պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը

Armenpress 19:06, 26 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Շարպանտյեին համագործակցության և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրում ունենալու կապակցությամբ և մաղթել հաջողություններ նոր նախաձեռնություններում: Նշելով, որ հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակն ընդգրկում է համագործակցության տարբեր ոլորտներ, Վիգեն Սարգսյանն ընդգծել է երկու երկրների միջև առկա հարաբերությունների մակարդակին համապատասխան պաշտպանության բնագավառում ևս համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

Դեսպան Շարպանտյեն իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և վստահություն հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի առավել զարգանալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am