ՀՀ ԳԱԱ-ում քննարկեցին գերհամակարգչային նորագույն տեխնոլոգիաներն ու պլատֆորմները

Armenpress 18:04, 25 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 25-ին CSIT-2017 միջազգային գիտաժողովի շրջանակներում ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Գերհամակարգչային հաշվարկներ և մեծ տվյալներ՝ հետազոտության և նորարարության շարժիչները» ենթագիտաժողովը:

Այսօր աշխարհում տարբեր ոլորտներում կուտակվել են մեծ քանակությամբ տվյալներ, որոնք պետք է համակարգվեն և մշակվեն: Դրանց մշակումը ենթադրում է կազմակերպված առցանց պահեստների ստեղծում: Շատ որոշումների ընդունումը պահանջում է բարդ համակարգերի մոդելների, բարձր արտադրողականության համակարգիչների և մեծ տվյալների բարձր արտադրողականության վերլուծության առկայություն: Տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են խթանել երկրի ժառանգության թվայնացումը` ապահովելով բոլորի համար առցանց հասանելիություն: Այդ տեխնոլոգիաներից են բարձր արտադրողականության հաշվարկները և մեծ տվյալների պահպանման մշակման գործիքները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԳԱԱ-ից, գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին գերհամակարգչային նորագույն տեխնոլոգիաներն ուպլատֆորմները, Հայաստանի գերհամակարգչային կենտրոնի ստեղծմանհաստատված և այժմյա ձեռքբերումները և գիտական մարտահրավերները։

ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, CSIT-2017 գիտաժողովի նախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը ներկայացրեց բարձր արտադրողականության հաշվարկների (HPC)  ստեղծման ուղղությամբ Հայաստանում` ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում, տարվող աշխատանքները: Ֆրանսիայի «Աթոս Բուլլ» ընկերության Մեծ տվյալների ռազմավարության բաժանմունքի ղեկավար Ժան-Մարկ Դենիսը ներկայացրեց  գերհամակարգչային տեխնոլոգիաների և պլատֆորմների ստեղծման և գործունեության միջազգային փորձը: Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) Գիտական հաշվարկների ուղղությամբ կոմիտեի ղեկավար, Թուլուզի համակարգչային  գիտության ինստիտուտի տնօրեն, CSIT-2017 գիտաժողովի համանախագահ Միշել Դայդեն ներկայացրեց Ֆրանսիական փորձը բարձր արտադրողականության հաշվարկների համակարգերի զարգացման ուղղությամբ: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման միտումները ներկայացրեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբրյանը: ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի փոխտնօրեն Հրաչյա Ասցատրյանն իր զեկուցմամբ կարևորեց Հայաստանում գերհամակարգչային կենտրոնի ստեղծումը:

Գիտաժողովի մասնակիցները խիստ կարևորեցին Հայաստանում նման հզոր տեղեկատվական տեխնոլոգիաներ ստեղծելու անհրաժեշտությունը, և որոշվեց առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն գերհամակարգչային կենտրոնի ստեղծման մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am