Դանի Սեբալյոսի դուբլն արտագնա հաղթանակ պարգևեց «Ռեալ»-ին

Armenpress 21:15, 23 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ն արտագնա խաղում հաղթանակ տարավ «Ալավես»-ի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպումը լավ մեկնարկ ունեցավ մադրիդցիների համար: Արդեն հանդիպման 10-րդ րոպեին թիմի նորեկ Դանի Սեբալյոսը գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը:

Բաց թողած գնդակից հետո «Ալավես»-ի ֆուտբոլիստները չհանձնվեցին և մերթ ընդ մերթ անհանգստացնում էին մադրիդյան թիմի դարպասապահ Կեյլոր Նավասին: 40-րդ րոպեին դաշտի տերերի կազմում գլխի գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Մանու Գարսիան, սակայն ընդամենը երկու րոպե անց «Ռեալ»-ի կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Այս անգամ էլ գոլի հեղինակ դարձավ Դանի Սեբալյոսը:

Առաջին խաղակեսն ավարտվեց 1-2 հաշվով: Երկրորդ խաղակեսում երկու թիմերն էլ հաշվի մեջ փոփոխություն մտցնելու ռեալ հնարավորություններ ունեին, սակայն նոր գոլեր չարձանագրվեցին:

Այս հաղթանակից հետո «Ռեալ»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: Արքայական ակումբին 6-րդ տուրում շրջանցելու հնարավորություն ունեն «Վալենսիա»-ն, «Լեվանտե»-ն, «Ռեալ Սոսյեդադ»-ը, «Բետիս»-ը, որոնք դեռ չեն անցկացրել իրենց հանդիպումները: Մրցաշարային աղյուսակը 15 միավորով գլխավորում է «Բարսելոնա»-ն, որը նույնպես 6-րդ տուրի իր հանդիպումը չի անցկացրել:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am