Երուսաղեմահայ բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանի «Այդ սերմը ես էի» գիրքը ներկայացվեց հայաստանցի ընթերցողների դատին

Armenpress 21:01, 22 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ երուսաղեմահայ բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս Անուշ Նագգաշյանի «Այդ սերմը ես էի» գրքի շնորհանդեսը:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությւոնից, միջոցառմանն իր օրհնության խոսքը բերեց Հայր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորանքի խոսքը փոխանցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը` նշելով. «Անուշը մեզ հետ ու մեր կողքին է նույնիսկ այն ժամանակ, երբ անգամ Հայրենիքում չէ, իսկ երբ գալիս է Հայրենիք, իր հետ բերում է ողջ Սփյուռքը: Այս գրքում ներկայացնելով մեծ մոր` Աննա Նագգաշյանի` Հայոց ցեղասպանությունից փրկվելու և ողբերգությունը վերապրելու ողջ ուղին` Անուշը տառապող հայի կերպարը չէ, որ կերտում է, այլ` արժանապատիվ ու հպարտ հայի»:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Սերժ Սրապիոնյանն ընդգծեց, որ Անուշի մեծ մոր անցած ուղին հենց Անուշի ուղին է, քանի որ մանկուց լսելով տատի պատմությունները` Անուշն ինքը դրանք վերապրել է: «Մեծ մայրը իր զավակին` Անուշի հորը հեռու է պահում օտարազգի կնոջ հետ ամուսնանալու մտքից` որդուն հղված հեռագրի միջոցով, որում նշված էր. «Տղա՛ս, Հայաստանի զինվոր չեղար, Հայրենիքի համար արյուն չթափեցիր, սերմդ օտարի՞ն պիտի տաս»: Հասկանալով, որ այդ սերմը հենց ինքն է` Անուշ Նագգաշյանն իր պարտքն է համարում թղթին հանձնել տատի պատմությունը: Արդյունքում` այժմ մեր ձեռքին է գեղարվեստական և սկզբնաղբյուրային կարևոր արժեք ներկայացնող այս պատմությունը», - նշեց նախարարի տեղակալը:

Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ընդգծեց, որ Անուշ Նագգաշյանի գիրքն ունի քաղաքական, պատմագիտական-սկզբնաղբյուրային նշանակություն:

ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը շնորհանդեսը կազմակերպելու համար` նշեց, որ գրքում տեսնում է ոչ միայն հեղինակ վավերագրողին, այլև` գեղագետին:

Երևանի պետական մանկավարժական համալսարանի ,Սփյուռքե գիտա-ուսումնական կենտրոնի հիմնադիր-տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն ընդգծեց, որ Անուշ Նագգաշյանի հետ յուրաքանչյուր հանդիպումը գրականագետի և գրողի լավագույն երկխոսություն է: «Գրքով ակնհայտ է դառնում, որ Անուշը պատասխանատվություն է զգում ժամանակի հանդեպ, և այս ստեղծագործության մեջ զգում ենք էպիկականության շունչը», - նշեց Սուրեն Դանիելյանը:

Ելույթ ունեցավ նաև ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նորայր Պողոսյանը: Հեղինակի գրքից հատվածներ ընթերցեցին Հայաստանի վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը և Վաղարշապատի Ռ.Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի սաները:

Շնորհանդեսի ավարտին ելույթ ունեցավ հեղինակը` Անուշ Նագգաշյանը: Շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը` միջոցառումը կազմակերպելու համար, և Հոգեշնորհ Տեր Ղևոնդ Վարդապետ Հովհաննիսյանին` գրքի տպագրությանն աջակցելու համար` հեղինակը նշեց, որ առանձնակի պատասխանատվությամբ է մոտեցել գրքի ստեղծմանը: «Ես խոնարհվում եմ իմ մեծ մոր` Աննա Նագգաշյանի հիշատակի առջև և համարում եմ, որ սրանով իմ պարտքը կատարեցի նրա հանդեպ: Մեծ մայրս ինձ խոստացել էր` մինչ իր մահը պատմել կյանքի ողջ պատմությունը և այդպես էլ արեց: Պատմությունն ավարտելուց մեկ ամիս անց մահացավ: Նրան և պապիս թուրքերը հարկադրաբար վտարեցին մեր Հայրենիքից` Կեմերեկից: Բայց այսօր ես Հայաստան եմ կանչել աշխարհասփյուռ իմ բոլոր զարմիկներին ու զարմուհիներին, նրանց զավակներին ու թոռներին: Այսօր ես հայտնում եմ, որ նոր Կեմերեկ ստեղծեցինք այստեղ` մեր մայր հողի վրա: Դրա համար ցանկացա, որ այս գրքի շնորհանդեսը տեղի ունենա իմ Հայաստանում», - ասաց Անուշ Նագգաշյանը:

Այնուհետև հեղինակը բեմ հրավիրեց իր զարմիկներին և զարմուհիներին: Միջոցառումն ավարտվեց գրքի գինեձոնով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am