Երևանյան բեսթսելեր 4/79. Մհեր Իսրայելյանի, Համո Սահյանի և Գուրամ Օդիշարիայի գրքերն ամենավաճառվածների ցանկում են
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը այս շաբաթ կրկին գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Շուտով գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվելու:
Մի քանի հորիզոնականով վեր է բարձրացել և երկրորդ տեղն է զբաղեցրել Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ երրորդ հորիզոնականում է ֆրանսիացի հանրահայտ գրող Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ» գիրքը, որում ներառվել են նրա լավագույն գործերը: Մոպասանը Ֆրանսիայի առօրյա կյանքը նկարագրող բազմաթիվ պատմվածքների, վիպակների և վեպերի հեղինակ է։ Հայերեն են թարգմանվել և հրատարակվել նրա բազմաթիվ ստեղծագործություններ:
Իր դիրքերը զիջել և չորրորդ տեղում է հայտնվել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» զբաղեցրել է հինգերորդ տեղը: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։
Մհեր Իսրայելյան «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» պատմվածքների ժողովածուն վեցերորդն է: Այն պատմում է հավատարմության, սիրո, բարեկամության մասին:
Յոթերորդ հորիզոնականում Համո Սահյանի «Ընտրանի» գիրքն է, որում զետեղվել են մեծ բանաստեղծի տարբեր ժողովածուներից լավագույն ստեղծագործությունները:
Բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» լավատեսական շեշտադրմամբ հանրահայտ ու սիրված վեպն այս շաբաթ ութերորդն է: Այս ստեղծագործությունն այն բացառիկ գրքերից է, որը թարգմանվել է աշխարհի 67 լեզուներով և հրատարակվել 117 երկրում: Բրազիլիայում վեպը շարունակում է մնալ ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոս»-ի` աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը:
Իններորդ տեղում Գրիգի «Հիսուսի կատուն» է: Ժողովածուն երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից՝ գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից՝ աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ: Դրանց համադրությամբ Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է վրացի գրող Գուրամ Օդիշարիայի «Պրեզիդենտի կատուն» վեպը: Գրքում ներկայացված են մանր չինովնիկների արկածները` խարդավանքները, խրախճանքները և թե ինչպե՞ս է այդ ամենն ազդում պետական քաղաքականության վրա: Այն թարգմանվել է անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, սլովակերեն, աբխազերեն, ադրբեջաներեն:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06), «Զանգակ» (23-25-28) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 0Մարկ Արեն
«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»
Բուկինիստ 47 2 +5Ստեֆան Ցվայգ
«Ընտիր նովելներ»
Բուկինիստ 22 3 0Գի դը Մոպասան
«Ընտիր նովելներ»
Բուկինիստ 19 4 -2Էդգար Հարությունյան
«Չգտնված երիցուկներ»
Անտարես 15 5 +1Օսկար Ուայլդ
«Դորիան Գրեյի դիմանկարը»
Էդիթ Պրինտ 10 6 ՆորՄհեր Իսրայելյան
«Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա»
Անտարես 8 7 ՆորՀամո Սահյան
«Ընտրանի»
Զանգակ 5 8 -3Պաուլու Կոելյու
«Ալքիմիկոսը»
Անտարես 1 9 *Գրիգ
«Հիսուսի կատուն»
Անտարես 1 10 ՆորԳուրամ Օդիշարիա
«Պրեզիդենտի կատուն»
Անտարես 1«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
- Հայաստանի վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության
նախարարին
- «Երևանյան բեսթսելեր»․ «Ջունգլիների գիրքը» ՝ առաջատար. մանկական.
փետրվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Ատոմային սովորություններ» գիրքն ՝ առաջատար.
փաստավավերագրական, հունվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Բվիկ Բուուի արկածները» ՝ առաջատար. մանկական.
հունվար, 2024
- Գեղարքունիքի մարզպետը հերքել է Վարդենիսը դատարկելու լուրերը