Սպասվող լրահոս. 20.09.2017

Armenpress 08:53, 20 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում այսօր` սեպտեմբերի 20-ին, ՀՀ կառավարության հետ համատեղ անցկացվելու են Հայկական Առևտրային Ցանցի (ՀԱՑ) բիզնես ֆորումը և տարեկան ժողովը: Կմասնակցեն Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ պաշտոնատար այրեր, մասնավոր սեկտորի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ արդարադատության նախարարությունը հրավիրում է մասնակցելու «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանք և հետագա քայլեր» խորագրով կլոր սեղան-֊քննարկմանը: Նպատակն է տեղեկացնել նախարարության կողմից իրականացված աշխատանքի մասին «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի ուղղությամբ, ինչպես նաև քննարկել ընտանեկան բռնության դեպքերի լուսաբանմանն առնչվող հարցերը: Քննարկմանը կմասնակցեն նաև ՀՀ քննչական կոմիտեի ներկայցուցիչներ:

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն հայաստանյան փորձագիտական դաշտի քննարկումների առանցքում է: ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, ԵՊՀ հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսյանն իր դիտարկումները կներկայացնի «Իրաքյան Քրդստանի հանրաքվեն տարածաշրջանային զարգացումների համատեքստում» թեմայի շուրջ: Ի դեպ, Վահրամ Պետրոսյանը նոր է վերադարձել Իրաքյան Քրդստանից: Նա կներկայացնի այնտեղ ունեցած հանդիպումների մանրամասները: Թեմային կանդրադառնա նաև իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Անկախության օրվան` սեպտեմբերի 21-ին ընդառաջ, այսօր լրագրողների հետ կհանդիպի Արամ Մանուկյանը: Նա կանդրադառնա սեպտեմբերի 21-ի խորհրդին, ներքին, արտաքին քաղաքական զարգացումներին: Հայաստանի անկախության թեմայի շուրջ կխոսեն նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և քաղաքագետ Արթուր Ղազարյանը: 

Հոկտեմբերի 1-8-ը կկայանա «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնը: Այն անցկացվելու է «Մենք 15 տարեկան երիտասարդ ենք» խորագրով: Փառատոնին ընդառաջ այսօր լրագրողների հանդիպմանը «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը կներկայացնի մանրամասներ փառատոնի ծրագրի մասին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am