Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել հրապարակախոս Անդրեյ Նույկինի ընտանիքին

Armenpress 11:50, 19 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ցավակցական հեռագիր է հղել գրող, հրապարակախոս Անդրեյ Նույկինի ընտանիքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հեռագրում ասված է.

«Խոր ցավով ընդունեցի Անդրեյ Ալեքսանդրի Նույկինի մահվան բոթը:

Որպես ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից ու ոգեշնչողներից մեկը՝ Անդրեյ Նույկինը լայն ճանաչում ուներ եւ մեծ հարգանք էր վայելում մեր երկրում:

Լինելով իսկական  հայրենասեր եւ դեմոկրատ՝  նա ակտիվորեն պաշտպանում էր մեր ժողովրդի՝ սեփական հողում ազատ ու անկախ ապրելու ձգտումը:

 Նա նշանակալի ավանդ է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի օբյեկտիվ ու արդարացի լուսաբանման եւ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստերն աշխարհին ներկայացնելու գործում:

Անդրեյ Ալեքսանդրի Նույկինի ծառայություններն արժանիորեն են գնահատվել մեր ժողովրդի կողմից: Նա պարգեւատրվել է Արցախի Հանրապետության պետական բարձր պարգեւով՝ «Մխիթար Գոշ» մեդալով:

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Անդրեյ Նույկինի հարազատներին ու մերձավորներին՝ բոլորիս համար այս ծանր կորստի կապակցությամբ: Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am