Զենքի վաճառքը կարող է միայն նպաստել հակամարտության խորացմանը. Կարեն Միրզոյանը՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Armenpress 12:33, 18 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակամարտությունների գոտում զենքի վաճառքը կարող է նպաստել միայն հակամարտությունների խորացմանը և իրավիճակի սրացմանը: «Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանկաներում «Արտաքին քաղաքականության օրակարգ» թեմատիկ քննարկման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հարցին:

«Այդ հարցում մեր դիրքորոշումը հստակ է, այն մենք բազմիցս արտահայտել ենք: Մենք այդպիսի հարցերը քննարկումների առարկա ենք դարձնում տարբեր ձևաչափերում հանդիպումների, աշխատանքային քննարկումների ընթացքում, մի քանի անգամ էլ հայտարարություններ են եղել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Միրզոյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու վերաբերյալ հարցին՝ նա  հստակեցրեց, որ ըստ Արցախի սահմանադրության՝ Արցախի որևէ տարածք չի կարող ունենալ տարբեր կարգավիճակ: «Արցախի բոլոր տարածքներն ունեն նույն կարգավիճակը և համարվում են մեր երկրի անբաժանելի մասը: Մենք առաջնորդվում ենք հենց այս սահմանադրական դրույթով»,- եզրափակեց Միրզոյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am